Արցախի համայնքներում արևային ֆոտովոլտային կայանների ձեռքբերման և տեղադրման ծրագրեր են մշակվել
2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ԱՀ-ն նորից կանգնել է էներգետիկ անկախության և հուսալիության ապահովման հիմնախնդիրների առջև: Արցախի հանրապետության համայնքներում արևային ֆոտովոլտային կայանների ձեռքբերման և տեղադրման ծրագրի ընդունման նպատակը վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող էլեկտրական էներգիայի նոր արտադրություններ ստեղծելն է, երկրի տնտեսական և էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը ապահովելը, շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունը նվազեցնելը:
Ծրագրի գերակա խնդիրներից են՝ վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաների լայնածավալ կիրառում, այլընտրանքային էներգառեսուրսների առավելագույն օգտագործում, արտադրվող հզորությունների պակասուրդի դեպքում տվյալ պահին գոյացած սպառման դեֆիցիտի ծածկում:
Ծրագրի իրականացման համար նախատեսվում են մի շարք միջոցառումները: 2022թ.-ի ընթացքում ԱՀ Ստեփանակերտ քաղաքում պետք է տեղադրվեն 50 հատ առնվազն 10կՎտ հզորությամբ, 3000 և ավելի բնակչությամբ համայնքներում՝ չորսական առնվազն 4 կՎտ հզորությամբ, մնացած բոլոր համայնքներում՝ երկուական առնվազն 4կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ՝ համապատասխան հզորության մինչև 3 ժամ տևողությամբ ակումուլյացիայի թողունակությամբ: Հաշվի առնելով հողերի սակավությունը և նպատակային օգտագործումը՝ արևային կայանների կառուցումը պետք է իրականացնել բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների տեղակայված շենքերի տանիքների վրա:
Նախարարությունը համակարգում և վերահսկում է ծրագրի իրականացման գործընթացը:
ԱՀ ՏԿԵ նախարարի հրամանով ծրագրի իրականացմանն ուղղված միջոցառումների կատարման նպատակով ստեղծվում է հանձնաժողով: Ծրագրի շրջանակներում արևային կայանների ձեռքբերման և տեղադրման գնումներն իրականացվում են լիցենզավորված ընկերությունների կողմից՝ գնումների մասին ԱՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային եղանակով:
Նախարարությունը մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ մեկամսյա ժամկետում, կնքում է պայմանագիր՝ նախատեսելով արևային կայանների ձեռքբերման և տեղադրման պայմաններն ու ֆինանսավորման կարգը սահմանող դրույթները:
Արևային ֆոտովոլտային կայանների միացումն էլեկտրական ցանցին իրականացվում է էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձի՝ բաշխողի կողմից տրամադրված տեխնիկական պայմանների համաձայն:
Ինքնավար էներգաարտադրողի էլեկտրասպառման համակարգի անխափան աշխատանքը ապահովելու նպատակով բաշխողի կողմից ապահովվում է էլեկտրական էներգիայի փոխհոսքերը: Վերջիններն իրականացնող ինքնավար էներգաարտադրողների մոտ պետք է տեղակայված լինեն դարձափոխիչային(ռեվերսային) բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ:
Արևային կայանների տեղադրման աշխատանքների ավարտման մասին հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկանքի հիման վրա նախարարությունը նախատեսված գումարները փոխանցում է համապատասխան ընկերության հաշվեհամարին:
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցներով:
hy.armradio.am