Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Ալեքսանդր Վուչիչին՝ Սերբիայի Հանրապետության նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

«Ռուսաստանի նախագահը նշել է, որ քվեարկության արդյունքները լիովին հաստատում են Սերբիայի քաղաքացիների լայն աջակցությունը Ալեքսանդր Վուչիչի ընտրած ուղղությանը, որն ուղղված է հրատապ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը և ինքնուրույն, անկախ արտաքին քաղաքականություն վարելուն», – նշվում է հաղորդագրությունում։

Ռուսաստանի ղեկավարն ակնկալում է, որ Վուչիչի գործունեությունն այս պաշտոնում կօգնի ամրապնդել Մոսկվայի և Բելգրադի միջև ռազմավարական գործընկերությունը։

«Ես ակնկալում եմ, որ ձեր գործունեությունը՝ որպես պետության ղեկավար, կշարունակի այսուհետև ևս նպաստել մեր երկրների միջև գոյություն ունեցող ռազմավարական, գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: Սա, իհարկե, համապատասխանում է Ռուսաստանի և Սերբիայի եղբայրական ժողովուրդների շահերին», – ընդգծել է Պուտինը:

Սերբիայում կիրակի օրը կայացել են նախագահական և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սերբիայի ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն՝ ձայների ավելի քան 90%-ի հաշվարկի հիման վրա երկրի գործող ղեկավարը հաղթել է առաջին փուլում՝ 59,55%-ով։

52-ամյա Վուչիչը Սերբիայի վարչապետն էր 2014 թվականից, իսկ նախագահ է դարձել 2017 թվականին։ Ընտրություններում իր հաղթանակի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ Սերբիան կմնա ռազմական չեզոք երկիր և կձգտի պահպանել գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն