Բարենպաստ պայմաններ կստեղծվեն հափշտակված ավտոտրանսպորտային միջոցներն ահաբեկչական, քրեական կամ այլ հակաօրինական գործողությունների նպատակով օգտագործելու դեպքերը նվազեցնելու համար: Այս մասին տեղեկացրել է Կառավարության ներկայացուցիչն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստում՝ ««Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացման հարցը քննարկելու ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների կանխման, դրանց հետախուզման և վերադարձման նպատակով յուրաքանչյուր կողմ ապահովելու է ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի ձևավորումը եւ պահպանությունը:

Այդ բազայում պետք է ներառված լինեն նաև տեղեկություններ հաշվառումից հանված, պետական սահմանը հատող ավտոտրանսպորտային միջոցների մասին:

Առաջարկվող փոփոխություններով կակտիվանա իրավասու մարմինների միջև փոխգործակցությունը: Կողմերից որևէ մեկի տարածքում հափշտակված ավտոմեքենայի հայտնաբերման, կալանքի, առգրավման կամ արգելանքի դեպքում մյուս կողմի իրավասու մարմնին ծանուցվելու է այդ մասին:

Փոփոխություններով սահմանվում են նաև տվյալների բազաներից տեղեկություններ ստանալու հարցմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև՝ հարցման հիման վրա տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքերը:

Նշենք, որ տվյալ արձանագրությունը ստորագրվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Տաջիկստանի կառավարությունների միջև:

Հարակից զեկուցմամբ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը կարևորել է օրենսդրական առաջարկի ընդունումը:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն