ՎԵՆԵՍՈՒԵԼԱ

ՇՆԵՐԸ ԶՎԱՐՃԱՆՈՒՄ ԵՆ ԼՈՂԱՎԱԶԱՆՈՒՄ

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մոտ 40 շուն՝ տերերի հետ միասին, մասնակցել է լողավազանում անցկացվող միջոցառմանը:

Կազմակերպիչն անասնաբույժ Օտտո Ալվարադոն է, որի հավաստմամբ՝ սա տեսակի մեջ առաջին միջոցառումն է Կարակասում: Մասնակիցները վստահեցնում են, որ զբոսանքից բացի, շները կարող են այլ զբաղմունք նույնպես ունենալ:

Օտտո Ալվարադո (անասնաբույժ, շների միջոցառման կազմակերպիչ) - Թեև սա շների համար կազմակերպված միջոցառում է, սակայն նրանց տերերը նույնպես կարող են մասնակցել: Լողավազանում շները վերջապես կարող են ձերբազատվել ջրի հանդեպ վախից, կարող են սովորել շփվել միմյանց հետ:

Որոշ ժամանակ առաջ, սակայն, շուն պահողները նույնիսկ ստիպված են եղել հրաժարվել իրենց սիրելի չորքոտանի բարեկամներից, քանի որ Վենեսուելայում տնտեսական վիճակն այնպիսին էր, որ թույլ չէր տալիս հոգ տանել ընտանի կենդանիների մասին: Այժմ, քանի որ վիճակը փոքր-ինչ բարելավվել է, կենդանասեր վենեսուելացիները սկսել են նորից շուն պահել և նույնիսկ մտածել կենդանիների ժամանցի մասին:

Սա հատուկ շների համար նախատեսված կենտրոն է, որտեղ կենդանիները կարող են ոչ միայն ժամանակ անցկացնել լողավազանում, այլև մասնակցել վարժեցման պարապմունքների: Կենտրոնի աշխատակիցները լիահույս են, որ մոտ ժամանակներս կկարողանան նմանօրինակ ևս մեկ միջոցառում կազմակերպել մարդու ամենահավատարիմ բարեկամների համար:

ՃԱՊՈՆԻԱ

ՏՈԿԻՈՅՈՒՄ ԾԱՂԿԵԼ Է ՍԱԿՈՒՐԱՆ

Հազարավոր ճապոնացիներ են հավաքվել մայրաքաղաքի կենտրոնում՝ վայելելու ծաղկած սակուրաների տեսարանը: Տոկիոյում և Ճապոնիայի 17 այլ պրեֆեկտուրաներում կորոնավիրուսային սահմանափակումները վերացվել են, այնպես որ, մարդիկ կարող են հանգիստ զբոսնել քաղաքում:

Ճապոնացիները երջանիկ են, որ վերջապես կարող են սելֆիներ անել իրենց սիրելի Կայսերական պալատի մերձակայքում՝ ծաղկած բալենիների ֆոնին:

Հիդեկո Թամուրա (Տոկիոյի բնակիչ) – Բավականին երկար դադարից հետո առաջին անգամ եմ գալիս այստեղ: Նախկինի համեմատ, ավելի շատ մարդ է եկել: Բոլորը հույս ունեն, որ Քովիդ-19-ն արդեն վերահսկելի է դառնում:

Այս տարի Տոկիոյում սակուրաները կանխատեսվածից չորս օր շուտ են լիարժեք ծաղկել: Ծաղկած սակուրաները տեսնելը Ճապոնիայում ավելի քան մեկ դար ձգվող բարի ավանդույթ է: Մարդիկ ընտանիքների, ընկերների հետ գալիս են զբոսայգի, նստում ծաղկած ծառերի տակ`զբոսախնջույքի: Երբեմն նաև երգում ու պարում են: Կորոնավիրուսի պատճառով երկու տարի անընդմեջ ճապոնացիները զրկված են եղել այդ պարզ, բայց անչափ գեղեցիկ հաճույքից:

ԱՄԷ

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՇՈՈՒ ԴՈՒԲԱՅՈՒՄ

Երկար, ուլունքներով զարդարված զգեստներից մինչև առօրյա, ավելի զուսպ հանդերձանք. արաբական աշխարհից և դրա սահմաններից դուրս գործող դիզայներները մասնակցել են Դուբայում անցկացված ամենամյա՝ յոթերորդ Արաբական նորաձևության շաբաթին:

Աշխարհի ավելի քան 18 երկրի դիզայներները ներկայացրել են իրենց աշուն-ձմեռ 2022/2023 հավաքածուները: Ցուցադրությանը մասնակցող արաբ որոշ դիզայներներ խոստովանել են, որ սա իրենց աշխատանքի վրա ուշադրություն հրավիրելու սակավաթիվ հնարավորություններից մեկն է:

Իբրահիմ Շեբանի (լիբիացի դիզայներ) – Այս նորաձևության շաբաթը միակ միջոցն է, որտեղ կարող ենք ցուցադրել մեր աշխատանքը, այլապես ստիպված կլինենք մեկնել այլ երկրներ՝ մեր հավաքածուները ներկայացնելու: Իսկ արտասահմանում, այլ դիզայներների կողքին, մեկ այլ մշակույթում կորչելը շատ հեշտ է: Մեզ` արաբ դիզայներներիս համար անչափ կարևոր է ունենալ միասնության զգացում, հավաքվել մի վայրում, որտեղ կարող ենք նաև աջակցել երիտասարդ դիզայներներին` Ալժիրից, Լիբիայից, Թունիսից, Լիբանանից, Սաուդյան Արաբիայից, Քուվեյթից: Բոլորի հավաքատեղին այստեղ է` Դուբայում:

Նորաձևության աշխարհի մասնագետները կարողացել են անձամբ ներկա լինել ցուցադրություններին, լուսանկարել և տեսագրել իրենց նախընտրած նմուշները, իսկ նորաձևության սիրահարները ցուցադրություններին առցանց հետևելու հնարավորություն են ունեցել:

ԱՄՆ

«ՍԵԶԱՄԻ ՓՈՂՈՑԸ» ՄԱՆԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՇՈՈՒԻ ԹԵՄԱՅՈՎ ԱՅԳԻ ՍԱՆ ԴԻԵԳՈՅՈՒՄ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում իր դռներն է բացել հանրաճանաչ «Սեզամի փողոցը» մանկական հեռուստաշոուի թեմայով զբոսայգին: Հեռուստաշոուից հայտնի գրեթե բոլոր հերոսները շրջում են այգում, անցնում փողոցներով, շփվում երեխաների հետ, մասնակցում շքերթներին:

«Սեզամի փողոցի» թեմայով ձևավորված 18 փողոց են պատրաստել զբոսայգում: Կարուսելներ, տարբեր տեսակի` ջրային ու ցամաքային ատրակցիոններ. ամեն ինչ, սակայն, հայտնի հեռուստաշոուն է հիշեցնում:

Մարկ Սուոնսոն (զբոսայգին սպասարկող ընկերության գործադիր տնօրեն) - Մենք իսկապես ոգևորված ենք ողջունելու բոլոր տարիքի երեխաներին և նրանց ընտանիքներին այս հիանալի այգում: Այստեղ իսկապես ցանկացած մարդ իր համար անելիք կգտնի: Բացի այդ, կան բազմաթիվ ծառայություններ, որոնցից հնարավոր է ամբողջ ընտանիքով օգտվել, ինչն անձամբ ինձ շատ է դուր գալիս:

Նմանօրինակ թեմատիկ «Սեզամի փողոցը» այգի գործում է նաև Փենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքում: Երեխաների համար նախատեսված «Սեզամի փողոցը» հեռուստաշոուն արժանացել է ավելի քան 150 «Էմմի» մրցանակի և հեռարձակվել մոտ 140 երկրում:

ԻՏԱԼԻԱ

ՀԻՆ ՊՈՄՊԵՅԸ ՆՈՐ ՊԱՀԱՊԱՆ ՈՒՆԻ` ՍՓՈԹԸ` ՌՈԲՈՏ ՇՈՒՆԸ

Հին Պոմպեյն ունի նոր պահապան, խոսքը SPOT անունով չորքոտանի ռոբոտ շան մասին է: Այն պետք է հերթապահություն իրականացնի իտալական հնագույն քաղաքի փողոցներում և թունելներում:

Ռոբոտը նախագծել է ամերիկյան Boston Dynamics ընկերությունը: Գիշերային ժամերին SPOT-ը պարեկություն է իրականացնելու Պոմպեյում` ստուգելու համար ամենափոքր ու դժվարանցանելի տարածքները և տվյալներ է հավաքելու անվտանգության հետագա նախագծերի իրականացման համար:

SPOT-ը հագեցած է 360 աստիճան պտտվող տեսախցիկով: Այն կարող է ֆիքսել ցանկացած պոտենցիալ գողի, որը կհանդգնի մասունքներ գողանալ Պոմպեյի ավերակներից:

Պոմպեյը նաև կունենա իր սեփական աչքը երկնքում՝ Leica BLK2FLY թռչող լազերային սկաները, որը կարող է ինքնուրույն իրականացնել ավերակների 3D սկանավորումը՝ օգնելով SPOT-ին կատարել իր առջև դրված խնդիրները:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ԴԵՅՎԻԴ ԲՈՈՒԻԻ ՄՈՄԵ ՆՈՐ ԱՐՁԱՆԸ ՄԱԴԱՄ ՏՅՈՒՍՈՅՈՒՄ

Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում ներկայացվել է հանգուցյալ ռոք աստղ Դեյվիդ Բոուիի մոմե նոր արձանը: Արտիստն այստեղ կարմիր մազեր և աչք շոյող դիմահարդարում ունի, զոլավոր հագուստ է կրում:

Այս կերպարը ստեղծելու համար Մադամ Տյուսոյի աշխատակիցներն օգտագործել են բրիտանացի երգիչ-երգահանի` 1983 թվականին արված լուսանկարներից մեկը: Դեյվիդ Բոուին մահացել է 2016 թվականին՝ 69 տարեկանում, քաղցկեղից: Սա Լոնդոնի Մադամ Տյուսոյում նրա երկրորդ արձանն է:

Թանգարանի աշխատակիցները վստահեցնում են, որ իրենց համար մեծ պատիվ է Դեյվիդ Բոուի լեգենդին ապագա սերունդներին դարձյալ ներկայացնելը:

Նրա մոմե արձանը կանգնած է Մադամ Տյուսոյի` Երաժշական փառատոնի համար նախատեսված գոտում: Այնտեղ կարելի է հանդիպել նաև Արիանա Գրանդեին, Ռիհանային, Միլի Սայրուսին, Ջասթին Բիբերին, Լեդի Գագային, նաև Բիոնսեին, Էմի Ուայնհաուսին, Ջիմի Հենդրիքսին և Էդ Շիրանին:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳՈՒՀՈՒ ԶԳԵՍՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԼՄՈՐԱԼՈՒՄ

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու շոտլանդական նստավայրում՝ Բալմորալ ամրոցում, տեղի է ունեցել միապետուհու զգեստների ցուցահանդես, որի շրջանակում ներկայացվել են նաև այն փոքրիկ խաղալիք մեքենաները, որոնք թագավորական տան մանկահասակ անդամները վարել են պլատինե հոբելյանի տոնակատարությունների ժամանակ:

Սառա Հոառ (ցուցահանդեսի պատասխանատու) - Եթե շրջեք այս սենյակում, կտեսնեք էլի մի քանի մարզական մեքենաներ, որոնցով թագավորական տան երեխաները շրջել են, զվարճացել: Նույնիսկ հայտնի մեքենաների կրկնօրինակներ կարելի է տեսնել:

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված է նաև արվեստագետ Ջոզեֆ Ռոսանոյի «Սաղմոնի վտառ» կոչվող ինստալյացիան, որը բաղկացած է 250 կախված հայելային ապակիներից, որոնք սաղմոնների վտառ են հիշեցնում:

Ջոզեֆ Ռոսանո («Սաղմոնի վտառի» հեղինակը) - Ես ընդհանրապես ձկներ հաճախ եմ պատրաստում: Ինձ համար ձկների վտառը մարդկանց համերաշխությունն է ներկայացնում: Ցանկացել եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչ է այսօր ինչ վիճակում են սաղմոնները: Պետք է միասին ամեն ինչ անենք՝ այդ ձկնատեսակի վերացումը կանխելու համար:

Արվեստի այս գործի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը վայրի սաղմոնի վրա կախված սպառնալիքների մասին, որը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ: Այս աշխատանքը նաև ցուցադրվել է նոյեմբերին Գլազգոյում, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի ժամանակ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 2-ը:


1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն