Հող մշակելը՝ նաև բիզնես․ ինչպես արդյունավետ դարձնել գյուղատնտեսությունը
Ոռոգման ջրի խնդիր, մշակվող հողատարածքների կրճատում, անբարենպաստ եղանակային պայմաններ, թանկացած պապարտանյութ ու գյուղտեխնիկայի ծախսեր․ այս ամենի հետևանքով գյուղատնտեսության ոլորտում 2021–ին 1․4 տոկոս անկում է գրանցվել։ Այս տարի, սակայն, սա միակ ոլորտն է, որտեղից Կենտրոնական բանկը աճ է ակնկալում։
Ինչպե ՞ս գյուղատնտեսությունը դարձնել բիզնես, հող մշակելն էլ ՝արդյունավետ․ հարցերին պատասխաններ են փնտրում ոլորտի պատասխանատուները։ Փնտրում են, լուծումներ առաջարկում՝ աջակացության ծրագեր, գյուղապահովագրության ինստիտուտի ներդրում, բայց ոլորտում անկում է գրանցվել՝ 2021–ին՝ 1․4 տոկոս։ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար, փորձագետ Գառնիկ Պետրոսյանը մտահոգ է՝ Հայաստանում ռազամավարական նշանակություն ունեցող հացահատիկի տարածքները 2000–ականների համեմատ կրճատվել են 4 անգամ․
«Աշնանացանի 99 տոկոսը ցորենի արտադրությունն է այսօր։ Նախկինում անգամ 159 հազար հա մշակվող տարածք ենք ունեցել։ Այսօր աշնանացան ցորենի ցանքատարածքները մոտ 50 հազար հա–ի միջակայքում են՝ մի փոքր ավել կամ պակաս, նվազել են մոտ 2․5 անգամ։ Սեփական արտադրության շատ փոքր ծավալներ ենք ապահովում՝ կարողանում ենք բավարարել կարիքների մինչև 23–24 , իսկ լավատեսական ցուցանիշով՝ 25 տոկոսը»։
Ինչո՞ւ գյուղացին հող չի մշակում, կամ՝ քիչ է մշակում։ Փորձագիտական դաշտում վստահ են՝ խնդիրներն են շատ՝ ոռոգման ջրի բացակայությունից մինչև բարձր ինքնարժեքով բերքի ստացում։ Ընդորում, տարեցտարի ոռոգման ջրի խնդիրն ավելի է սրվում։ Ջուրը կուտակվում է ջրամբարներում։ Կբավարարի՞ կուտակված ջուրը, թե՞ ոչ՝ եղանակի բարեհաճությունից է կախված։ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում, որպես տարեցտարի սրվող ջրի խնդրի լուծում, ջրամբարների կառուցումն է առանձնացնում։ Վստահեցնում է՝ մինչև տարեվերջ կավարտվի Վեդիի ջրամբարի կառուցումը․ շինաշխատանքի 80 տոկոսն արված է։ Համավարակի ու մի քանի այլ պատճառներով շահագործման ժամկետը մի քանի անգամ ձգվել է․
«Վեդիի ջրամբարը հնարավորություն կտա բարձրացնել շուրջ 4 հազար հա հողատարածքների ջրապահովության մակարդակը, նաև ոռոգվող նոր հողատարածքներ ավելացնել։ Վեդիի ջրամբարը ջուրը մատակարարելու է Արարատի մարզ»։
Որպես բազմաթիվ խնդիրների լուծում՝ մասնագետները կարևորում են եղած ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը։ Կառավարությունը մինչև 2023 թվականը նախատեսում է ավարտին հասցնել միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցումը։ Արդյունքում, տարեկան կտնտեսվի 7.3 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, ոռոգելի հողատարածքները կավելանան 1373 հեկտարով։ Կվերականգնվեն ավելի քան 8 կմ երկարությամբ 4 մայր և 5 կմ երկարությամբ 22 երկրորդ կարգի ջրանցքների ծայրահեղ քայքայված և վթարային հատվածները։ Կընդլայնվի ոռոգման ջրի մատուցման հասանելիությունը, վերականգնվող հատվածներում կորուստները աստիճանաբար կկրճատվեն շուրջ 7%-ով, և այդ հողատարածքներում կիրականացվի կայուն, անխափան ջրամատակարարում:
Մասնագետներն ասում են, որ հողօգտագործման և ջրօգտագործման համակարգերի միջև խզում է առաջացել։ Երկրում քաոսային ջրօգտագործում է իրականացվում, ջրանցքերից ջրի կորուստները ահռելի ծավալների են հասնում։ Ստեղծված իրավիճակում կաթիլային ոռոգման համակարգը կարող է լուծում լինել,-կարծում է Ազգային ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը։ Բացատրում է՝ Հայաստանում գյուղատնտեսական մշակաբույսերը 95 տոկոսով մակերեսային եղանակով են ոռոգվում․
«Մասնավոր ֆերմերներն այժմ ներդրումներ են կատարում՝ կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նպատակով։ Սա, իհարկե, արդյունավետ է, բայց զարգացնելու համար պետք է ավելի ինետինսիվ աշխատել»։
Կաթիլային ոռոգման համակարգի ներդրման հարցում կարծիքները տարբեր են։ ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն արձանագրում է՝ կաթիլային ոռոգման համակարգն արդյունավետ կաշխատի նոր ստեղծվող այգիներում․
«Հեշտ է ասել՝ կաթիլային համակարգի ներդրում։ Մեր այսօրվա այգիները չեն կարող կաթիլային ոռոգման համակարգով ջրվել, նրանց արմատները շատ խորն են տարածվել։ Սա շատ ծախսատար է, նոր ստեղծվող այգիներում՝ հնարավոր կլինի»։
Գյուղոլորտում հողային, ջրային, նաև մարդկային ռեսուրսները արդյունավետ չեն օգտագործվում՝ «Ռադիոլուր»–ին ասում է տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Հիշեցնում է՝ գյուղատնտեսությունն էլ տնտեսական գործունեության տեսակ է, որը նորարարական մոտեցումներ ու համապատասխան գիտելիքներ է պահանջում։ Գյուղատնտեսությունը պետք է դիտարկել որպես արտադրություն, ոչ թե կենսակերպ՝ ասում է․
«Ավանդական պատկերացումը, որ եթե գյուղում ես բնակվում, պետք է գյուղատնտեսության մշակությամբ զբաղվես, ըստ էության, պետք է փոխվի։ Եթե մենք գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը միտված համալիր մոտեցումներ կարողանանք կիրառել, ապա հնարավորություն կտա եղած ռեսուրսներով ավելի շատ արտադրանք թողարկել, ունենալ ինտենսիվ գյուղատնտեսություն, ինչը աճի նախադրյալ է»։
Համավարակ, 44–օրյա պատերազմ, այժմ էլ՝ ռուս–ուկրաինական պատերազմ՝ իր բացասական հետևանքներով։ Ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում են ամեն օր պարենային խնդիրները սրվում։ Այս համատեքստում կառավարությունից հողօգտագործողներին հորդորում են հող մշակել, հատկապես, որ մտահոգիչ կանխատեսում ունեն։ Ուստի, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գյուղացիներին հորդորում է հող մշակել․
«Մյուս կողմից տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են, և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ»:
Գյուղատնտեսական աշխատանքները սկսված են, կհետևեն գյուղացիները հորդորներին, թե ոչ՝ դժվար է ասել։ Այս պահին, սակայն, հստակ է, որ անցյալ տարի անկում գրանցած ոլորտը միակն է, որից 2022–ին Կենտրոնական բանկում դրական սպասումներ ունեն։ Ռուս–ուկրաինական համակամարտությամբ և արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված՝ Հայաստանի գլխավոր դրամատունը բոլոր ոլորտներում անկում է կանխատեսում, բացի գյուղատնտեսությունից։
hy.armradio.am