Անդրանիկ Փիլոյանը մերժել է ազատման դիմում գրել. ուշագրավ գործընթացներ կալանավորումից առաջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կալանավորումից առաջ ուշագրավ գործընթացներ են եղել:
Մասնավորապես, քաղաքական իշխանությունները Փիլոյանին առաջարկել են ազատման դիմում գրել, ինչը նա մերժել է, որից հետո կոնկրետ օպերատիվ տեղեկությունների եւ դիմում բողոքի հիմքով՝ իրավապահները մտել են նախարարություն:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել նախարարի պաշտպան Տիգրան Սարգսյանից, որը նշեց, որ, բացի նրա խափանման միջոց կալանավորման դեմ Վերաքննիչ բողոք ներկայացնելուց, այլ բան չի կարող հայտնել:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել արտակարգ իրավիճակների նախարարին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Քրեական գործով եւս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։ Նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:
Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են հրազեն եւ ռազմամթերք: Պարզվել է նաեւ, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում