Առաջիկա երեք տարում Հայաստանի հյուսիսային մարզերում՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում կիրականացվի ԵՄ–ի «Կանաչ  գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում»  ծրագիրը։ Այն ֆինանսավորում են ԵՄ-ն (9,7 միլիոն եվրո ) և Ավստրիական զարգացման գործակալությունը (2 միլիոն եվրո)։  Ծրագիրն աջակցում է նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում անցկացվել է «Ես հաջողել եմ, շարունակի՛ր հաջողությունը» միջոցառումը։ Նախագծի նպատակը կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումն է։

«Կանայք նաև գյուղատնտեսության շարժիչ ուժն են»․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի այս մտքի հիմքում համալսարանի կին շրջանավարտների հաջողություններն են․

«Պատահական չէ, որ Գաբրիել Գարսիա Մարկեսն ասել է՝ եթե ինչ-որ գործի մեջ խառնված է կնոջ մատը, ապա անպատճառ այդ գործը գլուխ է բերվելու։ Թե՛ Մարկեսի, թե՛ ինձ համար պարզ է, որ կանայք են կառավարում աշխարհը»։

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներից է՝ ասում էՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Տղամարդկանց աշխատանքային միգրացիայի համատեքստում գյուղատնտեսության ոլորտում բարձր որակավորում ունեցող կանայք դառնում են գյուղական բնակավայրերում սննդի մատակարարման և տնային տնտեսությունների գոյատևման հիմնական երաշխավորը»։

Ագրարային համալսարանի շրջանավարտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Նունե Սարուխանյանի մասնագիտական ուղին սկվսել է մանկությունից։ Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչն ու «Կանաչ արահետ» ՀԿ-ի ապագա նախագահը ընտանիքում ամենաշուտն էր արթնանում, որ տեսներ՝ կակաչներն ինչպես են բացվում։

«Դժվար մասնագիտություն է։ Պետք է համոզեի ծնողներին, դպրոցում պետք է արդարանայի, որ գերազանց ավարտելով դպրոցը՝ ընտրում ես գյուղատնտեսի մասնագիտությունը։ Երբ կուրսով ինչ-որ միջոցառում կամ կոնֆերանս էր լինում, ես միշտ թաքնվում էի վերջում, որ իմ աղջիկ լինելու փաստը չնկատվի»։

2014թ-ին Նունե Սարուխանյանը ճանաչվել  է գյուղատնտեսության ոլորտում աշխարհի 10 դափնեկիր կանացից մեկը։ Հիշում է՝ դասընկերների հետ նայում էին գյուղատնտեսական ամսագրեր և զարմանում՝  ինչպես է ստացվում, որ ամպերի մեջ գտնվող Նիդեռլանդների թագավորությունն առաջատար գյուղատնտեսություն ունի, իսկ Հայաստանը՝ իր  բարենպաստ դիրքով՝ ոչ։

«Ամեն աշնանը հիշում էի իմ ծնողների կամ տատիկիս, պապիկիս տխուր դեմքերը , որ այս տարին էլ մեր տարին չէր։ Երբ 10-րդ դասարանում էի, մտածեցի՝ ինչու Հոլանդիան, որն ամբողջությամբ ամպերի մեջ է, կարող այսպիսի գյուղատնտեսություն ունենալ։ Ես միշտ մտածում էի՝ Հայաստանը, որն ունի գյուղատնտեսական բոլոր գոտիները, բացի խոնավ մերձարևադարձայինից, այսինքն, մի երկիր, որ այսքան պարգև ունի, ինչպե՞ս կարող է գյուղատնտեսությունն այսքան վատ վիճակում լինել»։ 

Կազմակերպությունում աշխատակիցների 85 տոկոսը կանայք են։  «Կանաչ ուսուցման կենտրոններ» ունեն Տավուշի և Կոտայքի մարզերում, ավարտական փուլում են նման մի կենտրոնի բացման աշխատանքները Շիրակում։  Նպատակ ունեն գյուղատնտեսական լիարժեք խորհրդատվություն ստանալու հնարավոություն ստեղծել գյուղացիների համար։

«ՎայնԳոգ» վարդագույն գինու ստեղծող, 22 -ամյա Գոհար Ղազարյանը պատմում է՝ իր դեպքում ամեն ինչ սկսվեց մասնագիտական փնտրտուքներից։

«Լսեցի EVN գինու ակադեմիայի մասին, բայց 2016-ին դեռ 17 տարեկան էի և չէի կարող ընդունվել ակադեմիա․ ընդունելությունն այնտեղ 18 տարեկանից էր։ Ըստ այդմ՝ ինձ նաև ալկոհոլ ըմպել չէր կարելի։ Որոշեցի ընդունվել Ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների բաժինը»։

Առաջին տարում արտադրեցին 500 շիշ գինի, այդ ժամանակ նորաստեղծ բիզնեսի և՛ տնօրենն էր, և՛առաքիչը, և՛ արտադրողը։ Հիմա ընտանիքի անդամներն են աջակցում։ Երկորոդ տարում արտադրել են արդեն 1000 շիշ։ Վաճառքն առայժմ իրականացնում են իրականացնում են օնլայն հարթակների միջոցով։ Երբ արտադրանքի ծավալը մեծանա, կդիմեն նաև ռեստորաններին ու խանութներին։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն