«Պատերազմի ժամանակ ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշ անդամ-երկրներ առաջարկել են մի նախաձեռնություն, որը մեր դեմ էր ուղղված եւ կարող էր լուրջ բացասական ազդեցություն գործել մեր վրա։ Հայամետ շրջանակներն ու երկրները փորձել են մեր դեմ մի բանաձեւվ ընդունել, որը չի արտացոլում իրականությունը։ Ո՞վ է մեզ պաշտպանել։ Չմիավորման շարժման անդամները, որոնք ներկայացված են ՄԱԿ ԱԽ-ում։ Նրանք պաշտպանել են մեզ, եւ մենք շնորհակալ ենք։ Նրանց շնորհիվ հակաադրբեջանական հայտարարությունը չընդունվեց», ասել է աբշերոնյան վարչակազմի ղեկավար Ալիեւը։

Խոսքը շ2020 թ․ հոկտեմբերի 10-ի բանաձեւի մասին է, որը նախաձեռնել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, որոնք նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են եւ Չմիավորման շարժման անդամներ չեն։

ՄԱԿ ԱԽ այդ նիստից մի քանի օր հետո այն ժամանակ Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, որ Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը վետո է դրել բանաձեւին, որը կարող էր դադարեցնել պատորազմն Արցախում եւ քաղաքական բանակցությունների սկիզբ դառնալ։ Ամենայն հավանականությամբ՝ խոսքը Չինաստանի մասին է, որը Չմիավորման շարժման դիտորդ-անդամ է։

Այլ երկրներ եւս օգնում են Ադրբեջանին։ Օրինակ, Բելառուսը, որը Չմիավորման շարժման միակ եվրոպական անդամն է, բազմաթիվ անգամ օգնել է Ադրբեջանին զանազան միջազգային հարթակներում, հատկապես, այն բանից հետո, երբ Ալիեւը Լուկաշենկոյին օգնում էր արագ վարկերով։

«Ինչի՞ հաշվին ենք մենք դրան հասել։ Իհարկե՝ դիվանագիտության, քաղաքական կապերի եւ տնտեսական հնարավորությունների։ Մենք օգնել ենք եւ շարունակում ենք օգնել տարբեր երկրների։ Դա մշտապես մնում է նրանց հիշողության մեջ։ Եւ պետք եղած պահին նրանք մեզ օգնում են», բացահայտել է Ալիեւը։

Բաքուն «օգնում էր» ինչ-որ երկրների, որոնք հետո քվեարկում էին նրա օգտին։ Բաքուն անթաքույց «խավիարային դիվանագիտություն էր» վարում, եւ դրա շնորհիվ միջազգային ատյաններում՝ Եվրոպայի խորհրդում եւ այլն, հակահայ բանաձեւեր էին ընդունվում։ Ալիեւը դա համարում է նորմալ քաղաքականություն։ Հետո քվեարկողներից շատերը մեղադրվեցին Ադրբեջանի հետ կապված կոռուպցիայի մեջ։ Բայց Բաքվի քաղաքականությունը չի փոխվել։

Հայաստանը պետք է ընդունի նոր իրականությունը եւ սահմանների մասին Ադրբեջանի հետ բանակցություններ սկսի, ասել է Ալիեւը։ Նա կոչ է արել սահմանագծման հարցով աշխատանքային խումբ ստեղծել եւ խաղաղության պայմանագիր կնքել։

Փաստորեն, ոչ ՄԱԿ-ում գնված քվեարկությունը, ոչ ահաբեկչական պատերազմը չեն լուծել Ալիեւի խնդիրները, եւ նրա «հաղթանակը» կրկին կախված է Հայաստանի որոշումներից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն