Ովքե՞ր եւ ինչպե՞ս են վերահսկում երկրի ռազմավարական պաշարները
Պատերազմից ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2020 թվականի մարտին, ՀՀ հեղափոխական կառավարությունն ընդունեց մի օրենք, որն ուղղակի վերաբերում էր սննդամթերքի, դեղորայքի, բժշկական սանիտարատնտեսական եւ սանիտարատեխնիկական գույքի, էներգակիրների եւ այլ ռազմավարական նշանակության պաշարներին՝ «Նյութական պահուստի մասին» նոր օրենքը:
Այն ժամանակ Հայաստանին հացահատիկ մատակարարող ռազմավարական գործընկերը դեռ թաթախված չէր արյունալի, անկանխատեսելի ու ծանր ընթացքով «ռազմական օպերացիայի» մեջ, Արցախից դեռ ցորեն էր գալիս, այն ժամանակ ամենավատ երազում էլ չէինք պատկերացնի, թե ինչ արհավիրքների միջով ենք անցնելու, ու պատերազմական վտանգներին վերաբերվում էինք անլուրջ, ինչպես դպրոցի զինղեկին: Ուստի նյութական պահուստի մասին ՀՀ օրենքն ընդունվեց աննկատ, առանց առարկությունների, կարելի է ասել՝ անաղմուկ:
Այդ օրենքով պետական պահուստների ձեւավորման, թարմացման, պահպանման եւ այլ նմանատիպ պարտավորությունները, կոպիտ ասած՝ վերցվեցին պետությունից եւ դրվեցին մասնավոր անձանց՝ ներմուծողների վրա: Որոշվեց, որ ռազմավարական պաշարներն այսուհետ ձեռք են բերվելու ոչ թե բյուջեի հաշվին, այլ յուրաքանչյուր ներմուծող իր բերած ապրանքի՝ ցորենի, շաքարի, բրնձի, ձեթի, աղի մի մասը պահեստավորելու է իր մոտ, եւ վերջ:
«Ռազմավարական պաշարների պահուստի յուրաքանչյուր անվանման կուտակման ծավալները սահմանվում են այդ ապրանքները ներմուծող բոլոր կազմակերպությունների համար՝ նախորդ տարում այդ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված համապատասխան ապրանքի կամ նյութի ծավալի 10 տոկոսի չափով, եւ յուրաքանչյուր տարի վերահաշվարկվում են մինչեւ ապրիլի 10-ը մաքսային վերադաս մարմնից մինչեւ մարտի 15-ը լիազոր մարմնին տրամադրված յուրաքանչյուր կազմակերպության նախորդ տարվա ներմուծման տվյալների հիման վրա»,- գրված է օրենքում:
Կառավարության պատճառաբանությունը, կարծես, մեր օրերին վերաբերի: «Հաշվի առնելով, որ էներգակիրները, ինչպես նաեւ ցորենի, շաքարավազի, բուսական եւ կենդանական յուղի ու մի շարք այլ պարենային ապրանքների գերակշռող մասը ներմուծվող են, ապրանքների մատակարարման նույնիսկ կարճատեւ խափանումը կարող է առաջացնել ճգնաժամ, խնդիր է առաջանում բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձեւավորման մոտեցումներն ու կառավարման համակարգը»: Մասնավորն առանձնապես չընդվզեց, որովհետեւ օրենքի կիրառման նկատմամբ ոչ մի հսկողություն չկա, եւ ոչ մեկի կյանքում այս օրենքը ոչինչ չի փոխել: Հիմա էլ չի ընդվզում: Մի երկու խոշոր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնցից փորձեցինք կարծիք ստանալ, չցանկացան խոսել կամ հպանցիկ վստահեցրին, որ գոհ են ու պահպանում են օրենքը:
«Նյութական պահուստի մասին» օրենքի ենթաօրենսդրական ակտերն ընդունվեցին պատերազմի օրերին: Օրինակ, 2020 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունվեց որոշում, որով սահմանվեցին կազմակերպությունների կողմից իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի ու շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձեւը, լրացման կարգը եւ այլն:
Զուգադիպությո՞ւն էր: Գուցե, բայց ավելի հետաքրքիր էր կառավարության այս նորամուծության հիմնավորումը՝ «ռազմավարական նշանակություն ունեցող պաշարների ձեւավորման համար պահանջվում են զգալի ֆինանսական միջոցներ», որ «բավարար չափով չի ապահովում պետական պահուստի նյութական արժեքների թարմացման եւ փոխարինման գործընթացի արդյունավետությունը…, առաջանում են կորուստներ, եւ պահանջվում են մեծ ֆինանսական ներդրումներ»:
Կարճ ասած՝ իր ծախսերը կրճատելու, ավելի շատ գումարներ պարգեւավճարներին եւ մեքենաներին, բազմամարդ կազմով արտասահմանյան ուղեւորություններին տրամադրելու համար Փաշինյանի կառավարությունը որոշեց ռազմավարական պահուստները, այսինքն՝ բոլոր կարեւոր ապրանքները, սկսած ներմուծվող ավտոմոբիլային բենզինից, դիզվառելիքից ու ցորեն-շաքարավազից, վերջացրած պամպերսով ու կանացի ներդիրներով, դնել մասնավորի վզին:
Ի դեպ, օրենքի ընդունումից ընդամենը մի 10 օր հետո, հակասելով ինքն իրեն, ՀՀ վարչապետը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ շատ էլ գոհ է մեր պետական պաշարներից, եւ նույնիսկ անթույլատրելի գաղտնազերծումներ արեց, հայտնի ելույթն ունենալով այն մասին, թե քանի օրվա շաքարավազի, հավի մսի, ձեթի, հրուշակեղենի, սիսեռի եւ այլնի պաշար է մեզ մնացել: «Եվ հիմա էլ ներմուծվում է»,- ուրախացավ վարչապետը:
Եթե այդքան լավ էր ամեն ինչ, էլ ինչո՞ւ փոխվեց նախկին կարգը, ինչո՞ւ ստեղծեցին համակարգ, որի պայմաններում գրեթե անհնար է վերահսկելը, թե ներմուծողներն արդյոք կատարո՞ւմ են իրենց պարտավորությունները, որքա՞ն մթերք ու ապրանքներ են թողել պահեստներում` որպես պետական պաշար: Մեր տեղեկություններով, այդ տվյալները չեն ստուգվում, վերահսկողություն չկա: Պարզ ասած` մենք այսօր պետական պահուստներ չունենք, եւ եթե ներկրումը մի օր դադարեցվի, ապա այդ բոլոր ապրանքներից կունենանք այնքան, որքան մնացել է խանութներում ու մի քիչ էլ՝ պահեստներում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից, որը պետական պահուստի լիազոր մարմինն է, հերքում են այս տեղեկությունները, վստահեցնում, որ իրենք խիստ վերահսկողություն են իրականացնում ռազմավարական պաշարների հետ կապված: ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Գեւորգյանը վստահեցնում է, որ եթե ներմուծողը չկատարի օրենքը, վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսված պատասխանատվության կենթարկվի: «Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեսչական մարմինների հետ միասին վերահսկողություն է իրականացնում: Օրենքով, կառավարության որոշմամբ: Ռազմավարական պաշարները ձեւավորվում են ներմուծողների կողմից նախորդ տարվա տասը տոկոսի չափով: Վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` տեսչական մարմնի միջոցով»:
Ձեր կարծիքով, նախկին կա՞րգն էր ճիշտ, երբ ռազմավարական պաշարների համար պետական բյուջեից էին միջոցներ հատկացվում, թե՞ հիմա, արդյոք վերահսկողության հետ կապված բարդություններ չկա՞ն:
«Կարգի ճշտի ու սխալի հարց չկա: Կա ճիշտ ու սխալ կառավարում: Վերահսկողությունը, կրկնում եմ՝ իրականացվում է տեսչական մարմնի միջոցով, տեսչական մարմինների կողմից ստուգումներն իրականացվում են օրենքով նախատեսված կարգով եւ լիազոր մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասաց պաշտոնյան: Ըստ նրա, լիազոր մարմինը չի կարող իմանալ, թե տվյալ ներմուծողն ինչ է բերել, որքան է բերել, դա պարզվում է տեսչական մարմնի կողմից ստուգումների ընթացքում եւ նրանց կողմից ներկայացված հաշվետվությունների ընթացքում: «Տնտեսվարողը բերեց, ՊԵԿ-ը մեզ տեղեկացնում է՝ ովքեր են ներկրել, նվազագույն շեմ ձեւավորող տնտեսվարողների մոտ առաջանում է այդ 10 տոկոսի պարտավորությունը, նրանք իրազեկվում են, դրանից հետո տեղեկացվում է տեսչական մարմինը, համատեղ որոշվում է ստուգումների գրաֆիկը, ստուգվում է ապրանքի փաստացի առկայությունը, եւ, բացի դրանից, կա նաեւ հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն տնտեսվարողների կողմից»,- ասաց նա: Այսինքն՝ ոչ թե ահազանգի հետքով է տեսչականը ստուգում, այլ ամեն դեպքում ստուգո՞ւմ է: «Այո, ամեն դեպքում ստուգվում է: Այսքան ժամանակ ահազանգի ստուգում չի եղել»,- ասաց Արմեն Գեւորգյանը:
Ստացվում է, որ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարտավոր է ստուգել բոլոր ներմուծողներին, ովքեր ռազմավարական պաշար ձեւավորելու պարտավորություն ունեն, այցելել պահեստներ, ինչը ռեալ չէ: Նրանց ուժերը չեն բավարարի նման տիտանական աշխատանք կատարելու համար: Եվ այն փաստը, որ ահազանգով ստուգում չի եղել, կասկած է առաջացնում, որ վերահսկողության համակարգ ուղղակի չկա: Ի դեպ, Արմեն Գեւորգյանի անմիջական ղեկավարն էլ՝ ԱԻՆ Պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար Հրաչյա Երեմյանը, ոչ անմիջական ղեկավարն էլ՝ նախարար Փիլոյանը, անցնում են ԱԻՆ-ում կոռուպցիոն շղթայի գործով:
Ուրեմն, ումից ինչ ենք պահանջելու ֆորսմաժորի դեպքում, եթե հանկարծ պարզվի, որ սննդամթերքի պահուստ չունենք եւ պետք է բավարարվենք նրանով, ինչ կա խանութներում:
Hraparak.am