«Ապրելու երկրի» ակտիվությունը բխում է «ժողովրդից եկող օրակարգերից»
Նախկին սոցապնախարարներ Մեսրոպ Առաքելյանի ու Մանե Թանդիլյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց, ապա Փարաքարի համար մղված «ծանր մարտերից» հետո վերջին շրջանում պասիվացել է։ Եթե կուսակցության լիդերներից Մեսրոպ Առաքելյանը գոնե պարբերաբար հանդես էր գալիս ֆեյսբուքյան գրառումներով, որոնք հիմնականում իշխանությանը նրբորեն քննադատելու միտում ունեին, ապա մարտի 17-ից այս կողմ Մեսրոպի էջն էլ է պասիվացել՝ որեւէ գրառում, դիտարկում, քննադատություն չկա նրա պատին։ Միայն Մանե Թանդիլյանն է մեկ-մեկ երեւում, օրինակ՝ կանանց օրն էր Ֆեյսբուքում շնորհավորել, կայքերից մեկին հարցազրույց էր տվել։ Եվ այս տեւական դադարից հետո հանկարծ իմանում ենք, որ «Ապրելու երկիրը» նոր մամուլի խոսնակ է ընդունել։
Մեր գործընկեր, Aravot.am, tert.am. Factor.am կայքերի նախկին լրագրող Հռիփսիմե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց, որ այսուհետ կատարելու է «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները, եւ հույս հայտնեց, որ կլինի բաց, անկեղծ, արդյունավետ եւ առողջ համագործակցություն։ Քանի որ այս կուսակցության լիդերները կտրականապես եւ արդեն տեւական ժամանակ է՝ հրաժարվում են շփվել մամուլի հետ եւ պասիվացել են, իսկ այժմ արդեն մամուլի խոսնակ ունեն, փորձեցինք նորանշանակ խոսնակից պարզել, թե արդյոք սրանից կարո՞ղ ենք ենթադրել, որ կուսակցությունն առաջիկայում ակտիվանալու մտադրություն ունի, դրա համար է նաեւ մամուլի խոսնակի կարիք զգացել։ Նաեւ հետաքրքրվեցինք կուսակցության ծրագրերով՝ արդյո՞ք իրենք էլ, խորհրդարանական ընդդիմության նման, երկիրը փրկելու ծրագրեր ունեն, գուցե ընդդիմության հանրահավաքների՞ն միանան եւ արդյոք համաձա՞յն են վերջին շրջանում Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության եւ հայտարարությունների հետ, այդ թվում՝ բրյուսելյան հանդիպման մասով ի՞նչ կարծիք ունեն։
Ի պատասխան մեր հարցադրումներին՝ Հռիփսիմե Հովհաննիսյանը կուսակցության անունից ասաց, որ «Ապրելու երկիր» կուսակցության գործունեության ակտիվությունն ինքնանպատակ չէ, հասցեական է եւ համապատասխանում է ժողովրդից եկող օրակարգերին։ Լրացուցիչ ակտիվությունը կապ ունի օրակարգի հետ, իսկ խոսնակ ունենալու որոշումն էլ ընդամենը լրատվամիջոցների հետ աշխատանքն ավելի պրոֆեսիոնալ եւ արհեստավարժ կազմակերպելու համար է։
«Ինչ վերաբերում է «Ապրելու երկիր» կուսակցության պայքարի մեթոդներին, ապա քաղաքական ուժի օրակարգը, ինչպես նշեցի, ձեւավորվում է մարդկանց հետ շփումների արդյունքում եւ մարդկանց կարիքները հաշվի առնելով։ Կուսակցությունը պարբերաբար անում է հարցումներ եւ այդկերպ ձեւավորում իր քաղաքական գործունեության մեխանիզմների պահանջվածությունը։
Ըստ այդմ՝ «Ապրելու երկիրն» իր քաղաքական պայքարը համապատասխանեցնում է ժողովրդից եկող պահանջներին եւ ակնկալիքներին, որի արդյունքում իշխանության փոփոխության եւ ձեւավորման համար մասնակցում է տեղական ինքնակառավարման ընտրություններին։ Միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ քաղաքական ուժն անընդհատ ժողովրդի հետ կապի մեջ է, հասկանում է, թե ինչ է ուզում։ Ինչ վերաբերում է իշխանությունների հետ համաձայն լինել-չլինելուն, ապա քաղաքական ուժի ներկայացուցիչները պարբերաբար իրենց անհամաձայնությունն են հրապարակային արտահայտում իշխանության անվտանգային քաղաքականության վերաբերյալ, պարբերաբար ահազանգում են համայնքների խնդիրների, ՏԻՄ-ի ուժեղացման անհրաժեշտության մասին, հրատապ բանակային ռեֆորմներ անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ եւ այլն։ Կուսակցությունը կարծում է, որ իրենք պետք է ձեւավորեն այնպիսի առաջարկ, որը կլինի ժողովրդի համար իշխանություն փոխելու իրական ընտրություն»,- մեր հարցերին այսպես պատասխանեց կուսակցության մամուլի խոսնակը։
Պատասխաններից կարելի է ենթադրել, որ «Ապրելու երկիրն» այս պահին ավելի շատ պասիվ ակտիվության փուլում է՝ դեռեւս հստակ պլաններ ու ծրագրեր չկան, քանզի դժվար է գնահատել, թե որոնք են «ժողովրդից եկող օրակարգերը»։ Հասկանալի չէ, թե ինչպե՞ս են դա գնահատելու կամ՝ ո՞ր ժողովրդին նկատի ունեն՝ ընդդիմության հանրահավաքներին մասնակցող եւ այս իշխանությունների հեռացումը պահանջո՞ղ, Ֆեյսբուքում հայրենիքի հարցերով մտահոգ ստատուսներ գրո՞ղ, իշխանություններին ամեն գնով փառաբանո՞ղ, թե՞ Կասկադի սրճարաններում երկրի խնդիրների հանդեպ միանգամայն անտարբեր՝ ժամանակ անցկացնող ժողովրդին։
Hraparak.am