Բայդենը ռուսական էներգակիրների ներմուծումն արգելող օրինագիծ է ստորագրել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ռուսաստանի և Բելառուսի հետ առևտրային նորմալ հարաբերությունները դադարեցնելու մասին օրինագծերը, որոնց ավելի վաղ հավանություն էր տվել Կոնգրեսը։ Բացի այդ, արգելք է մտցվում ռուսական էներգակիրների ներկրման վրա։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը։
Ընդգծվում է, որ նա ստորագրել է «Ռուսական նավթի ներմուծումը դադարեցնելու մասին» և «Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունները կասեցնելու մասին» օրենքները։ Վերջինս թույլ է տալիս ԱՄՆ վարչակազմին ավելի բարձր տուրքեր սահմանել, քան Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ մյուս երկրների համար։ Այս միջոցառումները ձեռնարկվել են Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության հետևանքով և հետապնդում են Մոսկվայի և Մինսկի վրա ճնշումն ավելացնելու նպատակ։
Ավելի վաղ ԱՄՆ ՊՆ խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Պենտագոնը ձգտում է խուսափել ռազմական ոլորտում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածության հետագա սրացումից։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցելով հաշվի է առնում Ռուսաստանի միջուկային տերություն լինելու հանգամանքը։
Shantnews.am