Ուկրաինայում պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում․ Բորել
ՌԴ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Ուկրաինայում պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` Կիև կատարած այցից հետո:
Բորելը հիշեցրել է՝ Կիևին Եվրոպայի խաղաղության հիմնադրամից լրացուցիչ 500 մլն դոլար կհատկացվի՝ զենք ձեռք բերելու համար: Նա խոստացել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։
Ռուսական կողմն արձագանքել է Բորելի խոսքերին․
«Եվրամիությունը տնտեսական կազմակերպությունից վերածվել է ՆԱՏՕ-ի տնտեսական հարաբերությունների բաժնի», - նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԵՄ-Ն ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ՌԴ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Եվրամիությունը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Ուկրաինայում ռազմական գործողությունը չի դադարեցվել։ Այդ մասին Կիևում նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։
«Մենք պատժամիջոցների նոր փաթեթ ենք ընդունել, և այն վերջինը չի լինի»,- նշել է կանցլերը։
Նա նաև վստահեցրել է՝ Վիեննան թույլ չի տա, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները շրջանցվեն։
Ուկրաինայի նախագահն, իր հերթին, ընդգծել է․ «Եթե ինչ-որ մեկն ի վիճակի չէ օգնել զենքով, կարող է աջակցություն ցուցաբերել ցանկացած այլ եղանակով»։
Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է կռվելու, բայց և դիվանագիտական ուղիներ կփնտրի՝ իրավիճակը կարգավորելու համար։
Զելենսկին Կիևում ընդունել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին։ Կողմերը քննարկել են ռազմաքաղաքական գործակցության խորացումը։ Միացյալ Թագավորության վարչապետն Ուկրաինային 130 մլն դոլարի ֆինանսական և ռազմական աջակցության նոր փաթեթ կներկայացնի։
Ավելի վաղ Զելենսկին հանդիպել է նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Վերջինս նրան փոխանցել է հարցաշար, որը լրացնելուց հետո Եվրահանձնաժողովը կմեկնարկի Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների գործընթացը։
«Մեր նպատակն է Ուկրաինայի դիմումը Եվրոպական խորհուրդ ներկայացնել այս ամռանը»,- նշել է ֆոն դեր Լայենը։
Գերմանական Bild պարբերականի հետ հարցազրույցում էլ Զելենսկին հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կշարունակվեն։
«Այսօր Ուկրաինան այլ ելք չունի»,- նշել է նա։
Ուկրաինայի նախագահը մտահոգություն է հայտնել, որ մի շարք երկրներ և հատկապես Գերմանիան, դանդաղեցնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու գործընթացը և դեմ են ռուսական նավթի ու գազի էմբարգոյին:
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԶՈՒՍՊ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Գերմանիայի զինված ուժերը հազիվ թե ի վիճակի լինեն իրենց պահուստներից լրացուցիչ զենք ուղարկելու Ուկրաինա, հայտարարել է պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը։
«Մեր զինված ուժերը պետք է կարողանան ապահովել իրենց անվտանգությունը»,- պարզաբանել է նա, ընդգծել՝ Ուկրաինան, այնուհանդերձ, կարող է Գերմանիայից զենք գնել։
Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը որոշում է կայացրել առկախել Ուկրաինային շուրջ 100 տանկի տրամադրումը։
ԱՄՆ-Ը ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՌԴ-Ի ՀԵՏ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՍՐԱՑՈՒՄԻՑ
ԱՄՆ-ը ցանկանում է խուսափել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածության հետագա սրացումից ռազմական ոլորտում, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին։
«Ուկրաինային աջակցելիս ԱՄՆ-ն հաշվի է առնում, որ Ռուսաստանը միջուկային տերություն է»,- նշել է պաշտոնյան։
Քիրբին հայտնել է նաև, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադիի հետ քննարկել է Բրատիսլավայից Կիևին C-300 զենիթահրթիռային համակարգի փոխանցման հարցը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ խորհրդային և ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերը չեն կարող փոխանցվել երրորդ երկրների։
«Դա անօրինական կհամարվի»,- նշել էր պաշտոնյան։
ԲՈՒԴԱՊԵՇՏԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԸ ԿԳՆԻ ՌՈՒԲԼԻՈՎ
Եթե Բուդապեշտը ռուսական գազի դիմաց վճարի ռուբլով, դա կդիտարկվի որպես Մոսկվայի դեմ եվրոպական պատժամիջոցների խախտում։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։
«Եվրամիությունը դեռ երբեք այսքան միասնական և վճռական չի եղել։ Յուրաքանչյուր անդամ երկիր պետք է մտածի՝ ուզո՞ւմ է արդյոք առաջինը խախտել այդ միասնությունը։ Կարծում եմ՝ ոչ», - եզրափակել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Հունգարիայի նախարարների կաբինետից հայտնում են՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելը չի համարվում եվրոպական պատժամիջոցների խախտում, քանի որ Բուդապեշտը և Մոսկվան գազի մատակարարման վերաբերյալ երկկողմանի պայմանագիր են կնքել։
1lurer.am