ՀՀ նախագահը և Դոմինիկյան Հանրապետության դեսպանը կարևորել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտի զարգացումը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և համոզմունք հայտնել, որ Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը պաշտոնավարման ընթացքում իր փորձն ու մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի հայ-դոմինիկյան հարաբերությունների զարգացմանը։
Դեսպանը վստահեցրել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի երկու երկրների հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու և առաջ մղելու ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների ակտիվացման, փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ:
Առանձնակի կարևորվել է երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտի զարգացումը՝ որպես դրան նպաստող կարևոր հանգամանք նշելով երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը և ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը:
1lurer.am