ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին Լյուքսեմբուրգում հարցաթերթեր է հանձնել Վրաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարներին՝ Եվրամիությանը միանալու ընթացակարգ սկսելու համար։ Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը։

«Սա ձեր եվրոպական ճանապարհի առաջին քայլն է: Մենք պատրաստ ենք շատ արագ աշխատել հայտերի հետ կապված Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշումը ԵՄ խորհրդին տրամադրելու համար», – ասել է Վարհելին:

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին և Մոլդովայի ԱԳ նախարար Նիկոլայ Պոպեսկուն հարցաթերթերի փոխանցման ընթացակարգի համար ժամանել են Լյուքսեմբուրգ, որտեղ ապրիլի 11-ին տեղի է ունենում նաև ԵՄ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։

Մոլդովայի արտգործնախարարը լրագրողներին ասել է, որ հույս ունի, որ Քիշնևը մի քանի շաբաթվա ընթացքում կկարողանա նախապատրաստել հարցաթերթի պատասխանները։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ով ապրիլի 8-ին այցելել էր Կիև, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հարցաթերթ էր հանձնել Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի շրջանակներում։

Զելենսկին փետրվարի 28-ին ստորագրել էր Եվրամիությանը Ուկրաինայի միանալու դիմումը։ Հաջորդ օրը Եվրախորհրդարանն աջակցել էր Ուկրաինային թեկնածու-երկրի կարգավիճակ շնորհող բանաձևին։

Մոլդովան և Վրաստանը նմանատիպ հայտեր են ներկայացրել մարտի 3-ին։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն