Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած մարտերի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, Հարավային Կորեայի խորհրդարանում տեսակապով ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է ցուցադրաբար ոչնչացնել Մարիուպոլը։

«Ամենավատ իրավիճակը Մարիուպոլում է՝ մեր հարավային նավահանգստային քաղաքում, որը մարտի 1-ից արգելափակված է ռուսական զորքերի կողմից։ Կես միլիոնանոց քաղաք էր։ Զավթիչները փակել են այն և թույլ չեն տալիս այնտեղ ջուր և սնունդ տանել։ Նրանք փորձել են գրավել այն ամենադաժան ձևով` պարզապես ոչնչացնել այն ամենը, ինչ կա քաղաքում:Մարիուպոլն ավերվել է, կան տասնյակ հազարավոր մահացածներ»,- ասել է Զելենսկին։

Նա կարծիք է հայտնել, որ արեւմտյան զենքի մատակարարման օգնությամբ Ուկրաինան կկարողանա ազատել «բազմաչարչար Մարիուպոլը» և փրկել մյուս պետություններին ռուսական ագրեսիայից:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն