Վարչապետն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրենին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որին ուղեկցում էին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանը:
Վարչապետը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում և նշել, որ Կառավարությունը հետաքրքրված է փոխշահավետ գործընկերության խորացմամբ:
Մարտին Էռնեկյանը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցության կապակցությամբ և ՀՀ վարչապետին փոխանցել արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի ջերմ ողջույնները:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և ընդլայնման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը վերաբերող հարցերի: Այս համատեքստում քննարկվել են ներդրումային նոր նախագծեր իրականացնելու հնարավորությունները, որոնք կնպաստեն ավիացիոն շուկայի զարգացմանը, ուղևորահոսքերի ավելացմանը, որակյալ ծառայությունների մատուցմանը: Մտքեր են փոխանակվել նաև այլ ուղղություններով հնարավոր նոր ծրագրերի շուրջ։
Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները հետագա անելիքների և առարկայական քայլերի շուրջ:
hy.armradio.am