Հրաձգություն Նյու Յորքի մետրոյում․ կան վիրավորներ
Նյու Յորքի Բրուքլին շրջանում մետրոյի կայարանում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 13 մարդ վիրավորվել է։ BBC-ի փոխանցմամբ՝ կայարանում նաև մի քանի չպայթած սարք է հայտնաբերվել։
Դեպքը տեղի է ունեցել Սանսեթ Փարք թաղամասի կայարանում տեղի ժամանակով առավոտյան 8։30-ի սահմաններում։ Համացանցում տարածվել են լուսանկարներ, որոնցում արյունոտ ուղևորները պառկած են կայարանի հատակին։
Կասկածյալը փախուստի է դիմել։ Ըստ ականատեսների՝ հրաձիգի հագին եղել է նարնջագույն շինարարական բաճկոն և հակագազ։ Նրա գործողությունների շարժառիթները հայտնի չեն։
Նյու Յորքի քաղաքապետի խոսնակը նյույորքցիներին կոչ է արել հեռու մնալ տվյալ հատվածից։
Նյու Յորքի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ իրենք սկզբում ահազանգ են ստացել կայարանում ծխի վերաբերյալ։ Սակայն դեպքի վայր ժամանելիս այնտեղ հայտնաբերել են հրազենային վնասվածքով մարդկանց։
Shantnews.am