Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որքան հնարավոր է արագ, մտնում է մեր պլանների մեջ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խաղաղության օրակարգն այլընտրանք չունի:
«Եթե Աստված և ժողովուրդը շատերի համար անսպասելի և անտրամաբանական որոշման են հանգել, որ 44-օրյա պատերազմից հետո ես պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը և ժողովրդին, ուրեմն այս ամենը ասելը և այս ամենի պատասխանատվությունը ստանձնելը իմ առաքելությունն է, իմ լուծը, եթե կուզեք՝ իմ խաչը, որը պիտի տանեմ: Եվ քանի որ խոստովանությունների ելույթ է ստացվում, ու քանի որ Ավագ շաբաթ է, պիտի նաև խոստովանեմ, որ անսահման մեղավոր եմ զգում նաև Աստծո առաջ, որ չկարողացա կյանքի կոչել նրա մեծագույն պատվիրաններից մեկը՝ Երանի խաղաղարարներին, որովհետև Աստծո որդիներ պիտի կոչվեն: Բայց, քավ լիցի, եկեք տուրք չտանք էմոցիաներին, որովհետև հիմա մեզ առավել քան երբևէ պետք է սթափ դատողություն, ռացիոնալ մոտեցում և իրատեսական գնահատական»,- ասաց Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում:
Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձավ վերջին շրջանի մի շարք իրադարձությունների, պայմանավորվածությունների և անելիքների:
Նախ՝ խոսեց ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
«Այո՛, ես համաձայնություն եմ տվել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները: Ի՞նչ է սա նշանակում գործնականում, ի՞նչ ժամանակացույց, ի՞նչ ձևաչափ՝ դա դեռ պիտի քննարկվի և որոշվի: Բայց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որքան հնարավոր է արագ, այո՛, մտնում է մեր պլանների մեջ:
Բայց պիտի ասեմ, որ այստեղ էլ իլյուզիաներ չունենք, որովհետև չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել՝ դա դարձնելով Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիայի, ագրեսիվ գործողությունների առիթ: Նույն հաշվարկը մենք ունենք, ի դեպ, նաև դելիմիտացիայի աշխատանքների կապակցությամբ, որովհետև չենք բացառում, որ Ադրբեջանը այդ գործընթացը օգտագործի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու համար»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ հասկանալով և հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները՝ եկել են այն եզրակացության, որ նույն կետում կանգնելը և գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը:
1lurer.am