ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Կառավարության ծրագրի 2021 թ. կատարողականի մասին զեկույցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց դելիմիտացիայի, դեմարկացիայի աշխատանքների տևողության մասին, և թե այդ ընթացքում Ադրբեջանի Հանրապետության կողմից սանդրանքներ լինելու դեպքում կարո՞ղ են գործուն մեխանիզմներ լինել՝ կանխելու առճակատումները հայ-ադրբեջանական գոտում:

«Գիտեք՝ փորձագիատական գնահատական տալը շատ դժվար է, պրոցեսը պետք է սկսվի, և հընթացս կերևա, բայց որ դա մեկ-երկու օրվա, մեկ-երկու ամսվա գործ չէ, ակնհայտ է, որովհետև կան բազմաթիվ նյուանսներ, որոնք պետք է ճշգրտվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ես իմ զեկույցում ասացի, որ մենք հասկանում ենք նաև, որ Ադրբեջանը փորձում է ռազմական լարվածության իրավիճակը պահել սահմանի երկայնքով դեմարկացիայի գործընթացում Հայաստանի նկատմամբ թաքնված կամ անթաքույց տարածքային պահանջներ ներկայացնելու համար, և մեր այս դիրքորոշումը, կարծում եմ, ընկալված է միջազգային հանրության կողմից, և մենք պետք է առաջ գնանք՝ պահպանելով մեր երկրի շահերը և սահմանները:

Ժամկետի առումով շատ դժվար է ասել, որովհետև, օրինակ՝ Հայաստանի և Վրաստանի միջև դեմարկացիան և Ադրբեջանի և Վրաստանի միջև դեմարկացիան մինչ օրս չի ավարտվել, չնայած սկսվել է 1996-1997 թվականներին:

Կարծում եմ՝ այս պարագայում, հաշվի առնելով հատուկ իրավիճակը և հատուկ հրատապությունը, երկու կողմերի մոտ էլ կա շահագրգռություն, որ հնարավորինս շուտ անենք. դա չտևի 20 կամ 25 տարի, այլ տևի հնարավորինս կարճ:

Կրկնում ենք, որ միջազգային փորձագետների ներգրավումը, որոնք փորձ ունեն՝ իրենց երկրներում դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու, բախվել են բազմաթիվ պրոբլեմների և հաղթահարել են ադ պրոբլեմները, կարող են մեզ օգնել, որ պատրաստի բանաձևեր ունենանք: Եվ կան շատ հետաքրքիր ձեռնարկեր՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի մեթոդոլոգիաների մասին: Բայց կոնկրետ գնահատական տալ ժամկետների՝ չափազանց դժվար է: Մինչև ապրիլի վերջ, հստակ գիտենք, հանձնաժողովը պետք է ձևավորվի»,- ասաց վարչապետը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն