Ռուսական էներգառեսուրսներից հրաժարումը հարվածել է միլիոնավոր եվրոպացիների, ազդել է նաև ԱՄՆ-ի վրա. Պուտին
Արևմտյան որոշ երկրների հրաժարումը ՌԴ-ի հետ բնականոն համագործակցությունից և ռուսական էներգետիկ ռեսուրսների մի մասից արդեն իսկ հարվածել է միլիոնավոր եվրոպացիների, և դա ազդել է նաև Միացյալ Նահանգների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արկտիկական գոտու զարգացմանը նվիրված հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Արևմտյան մի շարք երկրների հրաժարումը բնականոն համագործակցությունից, այդ թվում՝ ռուսական էներգետիկ ռեսուրսների մի մասից, արդեն հարվածել է միլիոնավոր եվրոպացիների, հրահրել իրական էներգետիկ ճգնաժամ, դա ազդում է նաև Միացյալ Նահանգների վրա։ Գները բարձրանում են ամենուր, գնաճը շատ բարձր է, այս երկրների համար դա աննախադեպ է»,- ասել է Պուտինը։
Նա խոստովանել է, որ Ռուսաստանի Դաշնությունը նույնպես այս առումով խնդիրներ ունի, սակայն «երկրի առջև բացվում են այլընտրանքային հնարավորություններ, տարբերակներ և հնարավորությունների նոր պատուհաններ»։
«Ինչ վերաբերում է ռուսական նավթին, գազին, ածուխին, ապա մենք կկարողանանք ավելացնել դրանց սպառումը ներքին շուկայում, խթանել հումքի խորը վերամշակումը, ինչպես նաև ավելացնել էներգառեսուրսների մատակարարումը աշխարհի այլ տարածաշրջաններ, որտեղ դրանք իրականում անհրաժեշտ են»,- ընդգծել է Պուտինը։
Tert.am