Շվեդիան հունիսին կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. լրատվամիջոցներ
Շվեդիան կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, գրում են շվեդական լրատվամիջոցները։ Ինչպես գրում է Svenska Dagbladet թերթը, դիմումը նախատեսվում է ներկայացնել հունիսի 29-30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի հանդիպմանը։
Երկրի վարչապետ Մագդալենա Անդերսոնն այսօր Ստոկհոլմում հանդիպում է Ֆինլանդիայի իր գործընկեր Սաննա Մարինի հետ։
Վարչապետների հանդիպումը տեղի է ունենում նույն օրը, երբ Ֆինլանդիայի կառավարությունը կներկայացնի երկրի անվտանգության քաղաքականության իր վերլուծությունը։ Ակնկալվում է, որ զեկույցում թվարկվեն պաշտպանական դաշինքին միանալու դրական և բացասական կողմերը:
Ֆինլանդիան այսօր սկսում է բանավեճ, որի համաձայն՝ երկիրը կարող է մի քանի շաբաթվա ընթացքում դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան կարող են հույս դնել ՆԱՏՕ-ին արագացված ընթացակարգով անդամակցելու վրա։
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը հայտարարել է, որ Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կդրդի ռուսական կողմի պատասխան քայլերի։
Tert.am