Շարունակվում է ՀՀ ՄԻՊ-ի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Ապրիլի 13-ին աշխատանքային այցով Սյունիք մեկնած պատվիրակությունը հյուրընկալվել է Գորիսի Կանանց ռեսուրսային կենտրոն «ՎԻՆՆԵԹ Հայաստան» գրասենյակում։ Հանդիպման ընթացքում կենտրոնի ներկայացուցիչները պատվիրակությանը ներկայացրել են «ՎԻՆՆԵԹ Հայաստան»-ի գործունեությունը և արդեն իրագործած ու ապագա ծրագրերի իրականացման փուլերն ու ակնկալվող արդյունավետությունը։ Կենտրոնի ղեկավար Ռուզաննա Թորոսյանն անդրադարձել է նաև փայտամշակման արհեստանոցի և խոհարարական դպրոցի բացմանը, ինչպես նաև տարեցների ցերեկային կենտրոն բացելու ծրագրերին:
Այնուհետև՝ պատվիրակությունը ուղևորվել է Վերիշենի արհեստագործական սոցիալական ձեռնարկություն, որտեղ հանդիպել է շահառուներին՝ ներառյալ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հումանիտար ծրագրի։ Պատվիրակությունը մանրամասն ծանոթացել է ձեռնարկության գործունեությանը, ձեռագործ աշխատանքներին և տեքստիլ արտադրությանը։
Պաշտպանի նախաձեռնությամբ նաև քննարկվել է Վերիշենի Goris Handmade ապրանքանիշի տեսականին Երևանում ներկայացնելու տարբերակը, ինչը լայն սպառում կապահովվի և նոր հնարավորություններ կստեղծի ձեռնարկության համար:
Պաշտպանի այցը կշարունակվի դեպի Դավիթ Բեկ սահմանային համայնք։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia