Ֆրանսիայում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, հայ համայնքի նախաձեռնությամբ կանցկացվեն հիշատակի միջոցառումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշեց, որ ամեն տարի ավանդույթի համաձայն Կոմիտասի հուշարձանի մոտ հիշատակի միջոցառում են անցկացնելու կառավարության, խորհրդարանի, Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Ապրիլի 24-ին Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է: Էմանուել Մակրոնն անցել է երկրորդ փուլ, այդ օրը չի կարող ներկա լինել: Հավանաբար, այլ քայլ կձեռնարկի ապրիլի 24-ից մի քանի օր առաջ: Մենք ակնկալում են, որ մեզ հետ հանդիպումից զատ, նախագահ Մակրոնը նշի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Ելույթների առանցքում լինելու է Թուրքիայի ժխտողականությունը, պահանջատիրությունը: Մուրադ Փափազյանն ընդգծեց, որ Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը նույնպես օրակարգում է: Ելույթներից հետո նախատեսվում է երթ:

Հայորդի երիտասարդաց միությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 19:15-ին, Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա ջահերով երթ և մոմավառություն` ի հիշատակ հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմում նահատակվածների։ Ապրիլի 24-ին՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառում։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն