Արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 14-ին նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը: Մասնակցել են կառուցվածքային և փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների, ՊՈԱԿ-ների ղեկավարները:

Նախարար Ա. Փամբուխչյանը ներկայացրել է աշխատակարգի վերաբերյալ իր մոտեցումները, հանձնարարել՝ խստագույնս պահպանել ներքին կարգապահական կանոնները, հանձնարարությունները կատարել որակով և սահմանված ժամկետներում, ապահովել հաշվետվողականություն:

«Բոլորս պարտավոր ենք պետական մարմնի հեղինակությունը բարձրացնելու հարցում լինել սթափ և հետևողական, բացահայտել և հնարավորինս վերացնել մեր և այլ անձանց կողմից թույլ տրված սխալները»,-նշել է գերատեսչության ղեկավարը:

Ա. Փամբուխչյանն ընդգծել է աշխատանքային բարոյահոգեբանական առողջ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

«Իմ կողմից անելու եմ ամեն ինչ՝ նախարարության բոլոր աշխատակիցների համար ապահովելու մրցակցային, արդար մթնոլորտ: Ապօրինի վարքագծի նկատմամբ լինելու է զրո հանդուրժողականություն»,-ասել է նախարարը:

ԱԻՆ ղեկավարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կայցելի մարզային փրկարարական վարչություններ, կհանդիպի նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ նրանց խնդիրներին և հուզող հարցերին ծանոթանալու և համապատասխան լուծումներ տալու նպատակով:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն