Պուտինը հայտարարել է էներգետիկ ռեսուրսների արտահանման ուղղությունները փոխելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուսական նավթագազային հատվածը բախվել է խնդիրների. տեղի են ունենում ռուսական էներգակիրների դիմաց վճարումների խափանումներ, ոչ բարեկամական երկրների բանկերը ձգձգում են փոխանցումը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նավթագազային հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
Անդրադառնալով գազամատակարարմանը՝ Պուտինը նշել է, որ այժմ Եվրոպան չունի ռուսական գազին այլընտրանք:
«Բոլորը դա հասկանում են, ազատ ծավալներ շուկայում այժմ պարզապես չկան, իսկ մատակարարումներն այլ երկրներից, առաջին հերթին՝ ԱՄՆ-ից, սպառողների համար մի քանի անգամ ավելի թանկ կլինեն, ուստի կանդրադառնան մարդկանց կենսամակարդակի և եվրոպական տնտեսության մրցակցային կարողությունների վրա»,- նշել է ՌԴ նախագահը:
Նրա խոսքով՝ չնայած այդ հանգամանքին՝ եվրոպական երկրները մշտապես խոսակցություններ են վարում ռուսական նավթից ու գազից հրաժարվելու մասին, ինչով ավելի են ապակայունացնում շուկան և բարձրացնում էներգակիրների գները, նախևառաջ՝ սեփական քաղաքացիների համար:
«Այնուամենայնիվ, տեսանելի հեռանկարում դեպի Արևմուտք իրականացվող մատակարարումները կկրճատվեն, ուստի անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել արտահանումը: Քայլ առ քայլ պետք է փոխենք մեր արտահանման ուղղությունները դեպի հարավի և արևելքի արագ աճող շուկաներ։ Դրա համար արդեն մոտ ժամանակներս պետք է որոշել ենթակառուցվածքի հանգուցային օբյեկտները և ձեռնամուխ լինել դրանց շինարարությանը»,- ընդգծել է Պուտինը:
1lurer.am