Հովհաննես Բաչկովն օլիմպիական ուղեգիր ստացավ Եվրոպայի վարկանիշով: Նա իր քաշային կարգում առաջին համարն է, այդ պատճառով ինչպես նախկինում ասել էի, նրա ուղեգիրն անպայման հաստատվելու էր: Անուշ Գրիգորյանի վարկանիշը չստացվեց: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

«Հունիսի 28-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն ՀԱՕԿ-ին է ուղարկել Հովհաննես Բաչկովի ուղեգրի հաստատումը: Ինչպես արդեն նախկինում նշել էի, Բաչկովն ուղեգիրը ստացավ ըստ Եվրոպայի վարկանիշային միավորների: Վարկանիշով նա Եվրոպայի առաջին համարն է: Քանի որ եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը չեղարկվեց, ուղեգրերը բաժանվեցին ռեյտինգներով: Ըստ այդմ, քանի որ Բաչկովն առաջին համարն է, նա անպայման պետք է ստանար օլիմպիական ուղեգիր: Ուղղակի սպասում էինք հաստատմանը:

Ինչ վերաբերում է կանանց Եվրոպայի Մ-22 եւ աշխարհի երիտասարդական առաջնությունների չեմպիոն Անուշ Գրիգորյանին, նա ուղեգիր չստացավ: Ուղեգիրը տվեցին սերբ բռնցքամարտիկին: Վերջնական պատկերում ունենք երեք ուղեգիր՝ Հովհաննես Բաչկով, Կորյուն Սողոմոնյան եւ Արման Դարչինյան»,- ասաց Հովհաննես Հովսեփյանը:

Հովհաննես Բաչկովը (63 կգ) Հայաստանի 15-րդ օլիմպիականն է Տոկիո 2020-ում: Հայաստանի օլիմպիականների կազմում են նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, եռացակտորդ Լեւոն Աղասյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ):

NEWS.am Sport-ի տեղեկություններով, Հայաստանի օլիմպիական հավաքականը կհամալրվի եւս երկու լողորդով: Ուղեգրեր կստանան լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը: Թե ինչ սկզբունքով լողորդներն ուղեգիր կստանան, դեռ հայտնի չէ:

Լուսինե Շահբազյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն