Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը ուրբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետագա քայլերի վրա։ Անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նախարարները քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 19-20-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան պաշտոնական այցի նախապատրաստմանը, այդ թվում՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Tert.am