ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերության ամրապնդմանը. Բայդենը շնորհավորել է Փաշինյանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանին հաջող խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար և հայտնել Հայաստանի հետ գործընկերության ամրապնդման մտադրության մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Հայաստանի հետ մեր գործընկերությունն ընդհանուր արժեքներից մեկն է, և համագործակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ու հակամարտությունների կարգավորման հարցում. մենք հավատարիմ ենք այդ գործընկերության ամրապնդմանը»,-նշել է Բայդենը։ Հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը: