Ռուս-ուկրաինական հակամարտությամբ հետևանքով այս մարտին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կրճատվել է՝ կառավարության նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարարը՝ չհստակեցնելով, թե որքան։ Մարտին արձանագրված տնտեսական պատկերի մասին վիճակագրությունը դեռ լռում է։ Բայց ակնհայտ է, որ հատկապես արտահանողները լուրջ խնդիրների է բախվում։

Նրանց մոտ դրամային հոսքերի խզում է առաջացել, ուստի կառավարությունը որոշել է  վերանայել գյուղմթերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները, նաև բանկերից վարկ վերցրած, բայց մարելու խնդիր ունեցող շահառուներին հնարավորություն կտրվի փոփոխված ժամանակացույցով մարել 2020-2021թթ. վերցրած վարկերը։

Որքան ռուս–ուկրաինական պատերազմը ձգվում է , այդքան խորանում են տնտեսական անորոշությունները։ Միջազգային կառույցները շարունակում են վերանայել երկրների տնտեսական աճի ցուցանիշերը նվազման ուղղությամբ։ ՀԲ-ն, օրինակ, իր վերջին զեկույցում կանխատեսել է, որ այս տարի Հայաստանում տնտեսական աճը կնվազի՝ ակնկալվող 4․8 տոկոսից հասնելով ընդամենը 1․2 տոկոսի։ Ընդ որում՝ անկում կանխատեսվում է բոլոր ոլորտներում։ Կանխատեսվում է, որ արտահանումը կկրճատվի 8.5%-ով, ներմուծումը՝ 12%-ով: Գնաճը կլինի երկնիշ՝ մոտ 10 տոկոս։

Հայաստանի արտահանման կշռում առաջատարը ՌԴ-ն է: 2020-ին Հայաստանից արտահանումը կազմել է 428 մլն դոլար, իսկ 2021-ին՝ 534 մլն  դոլար։ 2021-ին 24.7%-ով ավելի շատ ապրանք արտահանվել ՌԴ։ Այս պահին արտահանողների հիմնական խնդիրը ռուբլու անկումն է՝ արձանագրում է տնտեսագետ Գրիգոր Նազարյանը։



«ՌԴ տնտեսսության ցանկացած ցնցում ուղիղ ազդում է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների վրա։ ՌԴ-ն ՀՀ ամենախոշոր առևտրային գործընկերն է։ Որոշակի խնդիրներ կլինեն արտահանողների համար,  փաստ է, որ դրանք լինելու են»։

ՌԴ արտահանվում է հիմնականում հանքահումքային ապրանք ու գյուղմթերք՝ պտուղ-բանջարեղեն ու պահածո։ Անցյալ տարի ՀՀ և  ՌԴ միջև ագրոպարենային  առևտրաշրջանառությունը մոտ 20 տոկոսով ավելացել է։ Մինչդեռ արդեն այս շրջանում ռուս-ուկրաինական պատերազմի ու ռուբլու արժեզրկման պատճառով Հայաստանից արտահանման և արտահանված ապրանքի դիմաց վճարումների ստացման խնդիրները լուրջ դժվարություններ են առաջացրել։ Տնտեսվարողները բանկերի հետ խնդիրների առաջ են կանգնել՝ չեն կարողանում մարել վարկերը։ 

Սա արձանագրել են նաև կառավարությունում ու որոշել  փոփոխել գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։ Շահառուներին նաև հնարավորություն կտրվի փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկել 2020-2021թթ. ներգրավված վարկերը։

Էկոնոմիկայի նախարարը տեղեկացնում է․

«Եթե մենք նախորդ տարիներին ուղղակի ասում էինք, որ 0 տոկոսով վարկ ենք տալիս, այսինքն` սուբսիդավորումը ամբողջությամբ ենք անում, այս պարագայում ուղղակի նշում ենք այն չափը, որը կառավարությունը սուբսիդավորելու է։ Այսինքն` սահմանամերձ բնակավայրերի ընկերությունների համար` 14 տոկոս, Երևանում ու ոչ սահմանամերձ բնակավայրերում գործող ընկերությունների համար` 10 տոկոս։ Եթե գրված է, օրինակ, 15-16 տոկոս, մենք սուբսիդավորում ենք դրա 14 տոկոսը»,-նախագծով առաջարկվող փոփոխությունը ներկայացրեց նախարար Վահան Քերոբյանը։ 

Պետությունը նաև կերաշխավորի վարկի ընդհանուր գումարի մինչև 50 տոկոսը, որը թույլ կտա մթերող ընկերություններին ավելի մեծ ծավալի մթերումներ իրականացնել, եթե դրա կարիքը լինի։



«Մարտին արտահանումների էական անկում ենք ունեցել: Դրա պատճառով արտահանողների մոտ դրամական հոսքերի խզում է առաջացել: Մենք այս որոշման կետերից մեկով թույլ ենք տալիս, որ բանկերը 6 ամսով լրացուցիչ արտոնյալ ժամանակ տրամադրեն արտահանողներին»:

Կառավարությունը որոշել է սուբսիդավորել մթերող միայն այն ընկերությունների վարկերը, որոնք բանջարաբոստանային և այլ կուլտուրաների մթերման պայմանագրերը կկնքեն մինչև հունիսի 1-ը , իսկ  խաղողի մթերմանը՝ մինչև հուլիսի 1-ը։



Վարչապետն արձանագրում է. «Գյուղացին ունի հնարավորություն․ եթե x մթերողի առաջարկած գինը ձեռնտու չէ, ինքը կարող է փորձել այլ մթերողի հետ կնքել պայմանագիր։ Հետևաբար, երբ պայմանագիրը կնքված է, գյուղացու համար կանխատեսելի է , թե երբ, ում և ինքչան գյուղմթերք պետք է մատակարարի ու դրա դիմաց ինչքան պետք է ստանա»։

Միջազգային փորձագետներն աշխարհում պարենի ճգնաժամ ու գների աճ են կանխատեսում։ Ըստ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության՝ մարտին թանկացել են բուսական յուղը, կաթնամթրեքը, հացահատիկն ու այլ մշակաբույսեր։ Խնդիրները սրվում են, ու այս համատեքստում կառավարությունը հողօգտագործողներին հորդորում են հնարավորինս շատ մշակել հողը․ պարենային անվտանգության մարտահրավերների մտահոգիչ կանխատեսում նաև Հայաստանում ունեն։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն