Եվրախորհրդարանը մտադիր է 617 հազար եվրո հետ գանձել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենից և նրա կողմնակիցներից, որոնք մեղադրվում են պետական ​​միջոցների յուրացման մեջ։ Այս մասին կիրակի հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով Եվրախորհրդարանի աղբյուրին։

Եվրախորհրդարանը դիմել է Չարաշահումների և խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակ (OLAF)՝ որոշ խախտումներ հայտնաբերելուց հետո: Ընդհանուր առմամբ, խոսքը 617,000 եվրոյի մասին է։ Ըստ AFP-ի, Փարիզի դատախազությունը մարտի 11-ին հաղորդում է ստացել, ըստ որի՝ Լը Պենը և նրա կողմնակիցները անձնական նպատակներով օգտագործել են քաղաքական խմբերին Եվրախորհրդարանում իրենց մանդատի համատեքստում տրամադրված գումարները։ Համապատասխան հետաքննությունն իրականացրել է ֆրանսիական Mediapart պորտալը։

Բացի այդ, ըստ զեկույցի, Ֆրանսիայի նախագահի թեկնածուն 2004-ից 2017 թվականներին Եվրախորհրդարանի գանձարանից մոտ 137 հազար եվրո է յուրացրել։ OLAF-ի հետաքննությունը սկսվել է 2016 թվականին, իսկ Լը Պենը հարցաքննվել է 2021 թվականի մարտին։ Ներկայում քաղաքական գործիչը մեղադրվում է պետական ​​միջոցների յուրացման, ինչպես նաև այս հանցագործությանը մեղսակցության մեջ։

2004 թվականին Լը Պենն ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցությունից։ 2017 թվականի հունիսին նա հրաժարվել է Եվրախորհրդարանում իր մանդատից, քանի որ այդ լիազորությունները չեն կարող զուգակցվել ազգային խորհրդարանին անդամակցելու հետ։ 2021 թվականի սեպտեմբերին Լը Պենը հայտարարեց 2022 թվականի ընտրություններում Ֆրանսիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։

Ֆրանսիայում ապրիլի 10-ին կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Ընտրարշավին մասնակցել է 12 թեկնածու։ Քվեաթերթիկների 100%-ը մշակելուց հետո երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնը ստացել է 27,84%, Լը Պենը՝ 23,15% ձայն։ Երկրորդ փուլում, որը կկայանա ապրիլի 24-ին, կկրկնվի վերջին ընտրությունների մենամարտը: 2017 թվականին Մակրոնը ստացել էր 66,1%, Լը Պենը՝ 33,9% ձայն։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն