Հունիսի 25-ին անցկացված «Քիմիա» առարկայի միասնական քննության նախնական արդյունքները հայտնի են:

Քիմիայի միասնական քննության գնահատականները ավելի շատ վճռորոշ են լինելու բժշկական համալսարան ընդունվողների համար, հատկապես որ այս բուհ ընդունվելու համար անհրաժեշտ մյուս՝ կենսաբանություն առարկայի քննության արդյունքները այնքան էլ բարձր չէին (կենսաբանություն առարկայի քննությունից անբավարար էր ստացել դիմորդների 21.2 տոկոսը)։

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը «Հայկական ժամանակին» հաղորդեց, որ «Քիմիա» առարկայի քննության համար հայտագրված 1123 դիմորդից քննությանը մասնակցել են 1042-ը:

Նշենք, որ անցած տարի այս առարկայից միասնական քննություն է հանձնել ավելի քիչ թվով՝ 341 դիմորդ, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով բուհ ընդունվելու համար դիմորդները երկու կամ երեք քննությունների փոխարեն հանձնել էին միայն մեկ՝ մասնագիտական առարկայի քննություն, եւ այս դեպքում դիմորդների մեծ մասը նախապատվությունը տվել էր «Կենսաբանություն» առարկային:

Քիմիա առարկայի՝ անցած եւ այս տարվա քննությունների արդյունքների տարբերությունը բավական մեծ է:

Համեմատության կարգով՝ այս տարի քիմիա առարկայի միջին միավորը իջել է գրեթե 3-ով՝ 16,24-ից դառնալով 13,36 միավոր:

Այս տարի դրական միավորի շեմը չի հաղթահարել 172 դիմորդ կամ մասնակիցների 16,5 տոկոսը:

Ընդ որում՝ անցած տարի 7,5-ից ցածր միավոր էր հավաքել դիմորդների 7,9 տոկոսը:

Կտրուկ պակասել են նաեւ առավելագույն միավորներ ստացածների թիվը. այս տարի 18-20 միավոր են ստացել 272 դիմորդ կամ մասնակիցների 26,1 տոկոսը:

18-18,75 միավոր է ստացել 97 դիմորդ, 19-19,75 միավոր՝ 143 դիմորդ, իսկ 20 միավոր է ստացել 32 դիմորդ:

Անցած տարի 18-20 միավոր էին ստացել դիմորդների 59.2 տոկոսը:

Հավելենք նաեւ, որ այս գնահատականները քննությունների նախնական արդյունքներն են։ Դիմորդները հնարավորություն ունեն արդյունքները բողոքարկել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն