ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրում:

Նա հիշեցրել է, որ Փաշինյանը երեքշաբթի կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Այնուհետև բավական ինտենսիվ շփումներ են նախատեսված Ռուսաստանի կառավարության մակարդակով։ Այնտեղ էլ ստորագրվելու է փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն