Կոստա Ռիկայի հյուսիսում հրաբուխ է արթնացել
Կոստա Ռիկայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ռինկոն դե լա Վյեխա հրաբուխը, որը հանրապետության տարածքում գտնվող հինգ խոշոր հրաբուխներից մեկն է, երկուշաբթի սկսել է ժայթքել։ Կենտրոնաամերիկյան երկրի իշխանությունները շրջակա շրջանների բնակչությանը կոչ են արել չմոտենալ գետերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Prensa Latina գործակալությանը։
Նշվում է, որ հրաբուխը 2 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն է ժայթքել, ավերածությունների կամ տուժածների մասին չի տեղեկացվում։ Կոստա Ռիկայի ղեկավարությունը բնակիչներին նախազգուշացրել է, որ ժայթքումների արտանետումները կարող են հայտնվել գետերի հուներում, դրա համար անհրաժեշտ է հեռու մնալ ինչպես դրանց ափերից, այնպես էլ գետերի վրա գցված կամուրջներից։