Փետրվարին փոխանցումները Հայաստան կտրուկ ավելացել են
2022թ.-ի փետրվարին դրամական փոխանցումները Հայաստան ավելացել են ինչպես ՌԴ–ից, այնպես էլ ԱՄՆ-ից․ ԿԲ վիճակագրությունն է փաստում։ Փորձագիտական դաշտում կարծում են՝ սա դեռ ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը չի արտացոլում։ Դրանք կամփոփվեն, երբ առաջին կիսամյակն ամփոփվի։ Ուշագրավ է, որ փոխանցումների արտահոսքն այս փետրվարին կազմել է 124 մլն դոլար՝ հունվարից շուրջ 42%-ով ավելի։ Էական աճ է արձանագրվել հատկապես դեպի ՌԴ կատարվող փոխանցումներում։
Ինչո՞ւ են փետրվարին հունվարի համեմատ ավելացել դեպի Հայաստան և Հայաստանից դուրս դրամական փոխանցումները, արդյո՞ք սա ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքն է։ Փորձագիտական դաշտում կարծում են՝ սա դեռ պատերազմի ազդեցությունը չի արտացոլում, դա կերեւա մարտի տվյալներով։ «Ռադիոլուր»–ի զրուցակիցն «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանն է․
«Սովորաբար հունվարին դեկտեմբերի համեմատ փոխանցումները կտրուկ նվազում են, փետրվարին վերականգվում։ Նույն պատկերն այս տարի է, թվերը մոտավորապես այնպիսին են, ինչպես վերջին երկու տարիներին»։
Այս փետրվարին ՀՀ առևտրային բանկերով ֆիզիկական անձինք ստացել են մոտ 180 մլն դոլար՝ նախորդ փետրվարից շուրջ 37%-ով ավելի․ ԿԲ տվյալներն են։ Միայն Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է շուրջ 82.5 մլն դոլար՝ հունվարից կրկնակի ավելի, իսկ նախորդ փետրվարի համեմատ՝ 58%-ով ավելի: Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում փոխանցումների ավելացումը նաև տնտեսական ակտիվությամբ է պայմանավորում․
«Քանի որ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց փետրվարի վերջերին, ազդեցությունը կերևա արդեն մարտի տվյալներում։ Այս դեպքում ավելացումը դեռ պայմանանավորված չէ ռուս–ուկրաինական պատերազմով»։
ՀՀ առևտրային բանկերով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները փետրվարին 124 մլն դոլար են՝ հունվարից շուրջ 42%-ով, իսկ նախորդ փետրվարից 23%-ով ավելի: Հայաստանից դուրս եկող փողի մոտ 30 %-ն ուղղվել է Ռուսաստան։ Այս պահին դեռ հստակ չէ՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Հայաստան եկած օտարերկրացիների ո՞ր տոկոսն է այստեղ բանկային հաշիվ բացել։ Հստակ է, որ միայն մարտի 2-ից մարտի 15-ը՝ 13 օրում, շուրջ 6500 ոչ ռեզիդենտ է մուտք գործել Հայաստանի բանկային համակարգ։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն արձանագրում է՝ բանկերը պատշաճ ուսումնասիրում են նոր հաճախորդներին, փորձում հասկանալ՝ տրանզի՞տ հաճախորդ են, թե՞ նրանց տնտեսական շահի կենտրոնն է ՀՀ-ն․
«Եթե հաճախորդները ներգրավվում են Հայաստանի բանկային համակարգ, որովհետև իրենց տնտեսական շահի կենտրոնի փոփոխություն է տեղի ունեցել և դարձել է ՀՀ-ն, ես կարծում եմ՝ որևէ խնդիր չի առաջանում: Եթե, բանկերի գնահատմամբ, Հայաստանի բանկային համակարգն օգտագործվում է որպես տարանցիկ գործառնությունների մեխանիզմ, այդ պարագայում, բնականաբար, բանկերն արձագանքում են իրենց հայեցողությամբ»։
Արդեն մի քանի տարի է՝ դիտվում է նաեւ ԱՄՆ-ից Հայաստան փոխանցումների աճ․ 2022թ.-ի փետրվարին՝ 41.2 մլն դոլար՝ հունվարի 40.9 մլն-ի դիմաց: Տնտեսագետ Նարեկ Կարապետյանը փոխանցումների աճը երկու գործոնով է պայմանավորում․
«Այստեղ ոչ միայն փոխանցումներ են, այլև IT ընկերությունների հետ կապված որոշակի փոխհատուցումներ։ Կարծում եմ՝ սրանք նաև բիզնեսի որոշակի փոխհատուցումներ են։ Իհարկե, դժվար է տարանջատելը, բայց փոփոխության չափն այնպիսին է, որ տպավորություն է ստեղծում, որ գործ ունենք աշխատավարձի վճարման կամ ինչ-որ գործունեության փոխհատուցումների հետ, որոնք գրանցվում են ֆիզիկական անձանց անունով փոխանցումների տեսքով։
ՀԲ-ն կանխատեսում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն աշխարհում կփոխի տրանսֆերտների ուղղություններն ու ծավալները։ Տրասնֆերտների նվազում նաեւ Հայաստանի ԿԲ-ն է կանխատեսում, խիստ նախնական գնահատականով՝ մոտ 20 տոկոսով։ Այստեղ նաև նկատել են՝ տարեցտարի մեր տնտեսության կառուցվածքում տրանսֆերտներն ավելի փոքր մաս են կազմում։ Եթե նախկինում տրանսֆերտները ՀՆԱ 10-15 տոկոսն էին, այսօր՝ 7-8 տոկոսը։ Այս տարվա կտրուկ փոփոխությունները մի կողմ թողած, մասնավորապես, ՌԴ-ից եկող տրանսֆերտները նույնպես զգալի կրճատվել են։
Փորձագիտական դաշտում կարևորում են սեփական տնտեսության դիվերսիֆիկացումը՝ շեշտելով՝ դա դրսի փողերից կախվածությունը հաղթահարելու լավագույն տարբերակն է։
hy.armradio.am