Ավստրալիայի հայ համայնքն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրն անցկացնելու է արդարության երթ Սիդնեյի, Մելբուռնի հրապարակներում: Երթերն անցկացվելու են տեղի ասորի և հույն համայնքների ներկայացուցիչների հետ համատեղ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Գայսերյանը տեղեկացրեց, որ նպատակն է Ավստրալիայի իշխանություններին հորդորել ճանաչել Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանությունը հայերի, ասորիների, հույների նկատմամբ:

«Մեր նպատակն է Ավստրալիայի իշխանություններին տեղ հասցնել այն, որ մեր համայնքների համար կարևոր ու խիստ անհրաժեշտություն է 1915 թվականին Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, հույների նկատմամբ իրականցրած ցեղասպանությունը ճանաչելը: Ինչպես աշխարհի երեք տասնյակից ավելի երկրներ, միջազգային կառույցներ, Ավստրալիայի տարբեր նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Ավստրալիայի կառավարությունը նույնպես դա պետք է անի»,-ասաց Հայկ Գայսերյանը:

Նա նշեց, որ ապրիլքսանչորսյան այս տարվա երթերն անդրադառնալու են նաև Արցախի այսօրվա տագնապային հարցին: Դա ներկայացվելու է այն համատեքստում, որ Ալիևի վարչակազմի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացրածը նույն ցեղասպանության շարունակությունն է:

«Հայերի դեմ այդ գործողություններն իրականացվել են, որովհետև Թուրքիայի հանցագործությունները մինչ օրս մնացել են անպատիժ: Այդ անպատժելիությունը մենք համարում ենք գլխավոր պատճառ, որ Ադրբեջանի, Թուրքիայի պես պետությունները փորձում են նման գործողություններ կատարել հայերի դեմ»,-ասաց Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը:

Հիշատակի միջոցառումները շարունակվելու են նաև ապրիլի 26-ին: Այդ օրը նախատեսված է ոգեկոչման երեկո, որին մասնակցելու ու ելույթներով հանդես են գալու Ավստրալիայի խորհդրարանի անդամներ: Երկրի երկու գլխավոր կուսակցություններից ներկայացուցիչներ են լինելու: Նրանք իրենց կոչն են ուղղելու կառավարությանը, որ ճանաչի 1915 թվականի ցեղասպանությունը: Միջոցառումն անցկացվելու է վիրտուալ ձևաչափով: Այդ օրը նախատեսված է նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ելույթը, որում անդրադարձ է կատարվելու ցեղասպանության անպատժելիությանը, որն ազդել է Արցախի ժողովրդի վրա:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն