ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը այցելել է Վրաստանի խորհրդարան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Ջեյմս Ապաթուրայն այսօր ելույթ է ունեցել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում, որից հետո մի շարք հայտարարություններ արել։ Հաղորդում է Aliq Media-ն։
Նիստն ընթացել է դռնփակ։
Ապաթուրայը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները ցանկանում են տեսնել, որ դաշնակից երկրներն անում են առավելագույնը Ուկրաինային աջակցելու համար:
«Հասկանալի է, որ Վրաստանը գտնվում է շատ բարդ աշխարհագրական և անվտանգային միջավայրում: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների կառավարությունները ցանկանում են տեսնել, որ դաշնակից երկրներն ամեն ինչ անում են Ուկրաինային աջակցելու համար և ճնշում են գործադրում Ռուսաստանի վրա»,- ասել է Ապաթուրայը։
Ապաթուրայը ընդգծել է, որ դաշինքը ցանկանում է Վրաստանում տեսնել ավելի քիչ բևեռացված քաղաքական միջավայր.
«ՆԱՏՕ-ն ցանկանում է տեսնել Վրաստանի կողմից բարեփոխումների շարունակությունը։ Մենք ցանկանում ենք տեսնել, որ կառավարությունը և ընդդիմությունը միասին են աշխատում և, որ որոշումները կայացվում են քաղաքական տարաձայնություններից դուրս»։
Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար պարզ է, որ Վրաստանի բնակչության զգալի մասը կողմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը։
Ապաթուրայը նաև նշել է, որ «ՆԱՏՕ-ն հավատարիմ է բաց դռների քաղաքականությանը և, որ այն միշտ բաց է Վրաստանի պարագայում»։
Ըստ Ապաթուրայի՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքով առաջացած անվտանգության նոր մարտահրավերների լույսի ներքո դաշինքը որոշել է ավելին անել Վրաստանին աջակցելու համար:
«Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում հիմնովին փոխել է Եվրոպայում անվտանգության քարտեզը։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն որոշել է ավելին անել մերձավոր գործընկերներին, այդ թվում՝ Վրաստանին աջակցելու համար, և դրա համար ես այստեղ եմ՝ ավելի շատ ուշադրություն դարձնելու կիբերանվտանգությանը, հիբրիդային սպառնալիքներին և էներգետիկ անվտանգությանը»,- ասել է նա։
Նրա խոսքերով՝ առաջիկայում Վրաստան կայցելի նաև Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Shantnews.am