«Հարկ վճարողի օրը» Արմավիրի մարզում մարզի կյանքը փոխող, հարկային բարձր ցուցանիշեր ապահոված տնտեսվարողների համար առանց շնորհակալության չի անցել․օրվա առթիվ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել Արմավիրի մարզի մի շարք տնտեսվարողների:

Մարզպետ Հովհաննիսյանը, որ նախկինում ՊԵԿ նախագահն էր, կարեւորել է այն շղթան, որի միջոցով տնտեսվարողի վճարած հարկը փոխում է մարզի կյանքը, նոր աշխատատեղեր ստեղծում, տնտեսության զարգացման նոր հեռանկարներ է բացում։ Սաթիկ Իսահակյանն է պատմում Արմավիրի մարզից։

Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածքի անապատացման ենթակա հողերն աստիճանաբար մասնավորեցվում են:  Ժամանակի մեծ մասը տնտեսվարողները ծախսում են քարքարուտները մշակովի հողեր դարձնելու վրա, հիմնում խաղողի ու պտղի այգիներ։ Դրանց կողքին արդեն 3 տարի նոր մշակաբույս է ներմուծվել,  200 հա-ի վրա հիմնել են պիստակի այգիներ: «Արմեն ֆրութ ընդ Նաթ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Մանուկյանն ասում է, որ հողի վրա աշխատում են շրջակա գյուղերի բնակիչները, պայմանագրեր ունեն ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ.



«Պիստակի այգիները հիմնում ենք շուրջ 1100 հա հողատարածքի վրա, որից 200 հեկտարի վրա արդեն տնկիներ կան: Պիստակն ավելի երկարակյաց կյանք ունի և եկամտաբեր է: Մենք դեռ ներդրում ենք անում, մեր հարկը գոյանում է ավելացած արժեքի հարկից և աշխատուժի եկամտահարկից»:

Արմավիրի մարզի խոշոր հարկատուներից է «ՄԱՊ» գինու և կոնյակի գործարանը: ՊԵԿ ցուցանիշներով՝ 2021թ «ՄԱՊ»-ը վճարել է  մոտ 806 մլն դրամ հարկ: Ընկերության ֆինանսական տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի խոսքով՝ վերջին տարիներին մոտ 2500 եվրոյին համարժեք դրամի ներդրում են արել՝ կազմակերպելու որակյալ արտադրություն։



«2020-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, «ՄԱՊ»-ը մթերել է աննախադեպ քանակի բերք՝ 26 հազար տոննա  խաղող, չնայած մեր  մթերման հնարավորությունը մինչև 15000 տոննա է: Անցած տարի մթերել ենք 15000տ խաղող: Հիմնական աշխատողների թիվը 300 է, միջին աշխատավարձը՝ 100 հազ դրամից բարձր»:

Հարկային մարմին և  հարկ վճարող  փոխհարաբերությունները նպաստում  են հարկային պարտավորությունների կատարմանը, նաև՝  օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնմանը՝ կարծիք է հայտնում  Արմավիրի մարզպետ, ՊԵԿ նախկին նախագահ  Էդվարդ Հովհաննիսյանը: Հարկատուն մասնակցում է մարզի տնտեսության զարգացմանն ու ապահովում բնակչության զբաղվածությունը՝ ասում է։ Մարզպետը նշում է, որ պետական մարմիններն ու գործարարները միասին կարող են նոր լուծումներ գտնել ծառացած խնդիրների լուծման համար:

«Պետության և հարկ վճարողների հարաբերությունները չեն սահմանափակվում միայն վերջինների պարտավորությունների կատարմամբ, այլ ընդգրկում է ավելի լայն շրջանակ, որի հիմքում ընկած է պետականաշինության գործում հարկ վճարողների առանցքային դերակատարումը և պետության ու հարկ վճարողների միջև գործընկերային հարաբերությունների զարգացումը»:



Բաղրամյանի ալրաղաց գործարանը ալյուրի տեսականիով մեծապես լրացնում է հանրապետության հացամթերքի պահանջարկը: Գործադիր տնօրեն Վլադիմիր Գասպարյանն ասում է, որ անցած տարի վճարել են 2 մլրդ 818 մլն դրամ հարկ։ Գործարանի հիմնական աշխատուժը մարզի Լեռնագոգ, Դալարիկ, Քարակերտ և հարակից գյուղերի բնակիչներն են:

«Մեր միակ ու ամենակարևոր նպատակը սպառողին որակյալ արտադրանք  տալն  է: Օրական արտադրում ենք մինչև 400-450 տոննա ալյուր»:

Մարզի փոքր ու միջին ձեռնարկատերերը տարիների ընթացքում ընդլայնում են իրենց գործունեությունն ու նպաստում տնտեսության զարգացմանը: 2004թ Մերձավան գյուղում ստեղծված պլաստմասե խողովակների փոքր  արտադրամասը վերածվել է մեծ արտադրության: Հիմնադիր Վարդան Հայրապետյանն ասում է, որ անցած տարի վճարել են 485 մլն դրամ հարկ, մշտական աշխատողները 50-ից ավելի են:

«Մենք աշխատում ենք ոչ միայն տեղական շուկայի սպառման համար, այլև   արտահանում ենք, դեռ նոր շուկաներ ենք փնտրում: Հիմնականում արտահանում ենք Վրաստան: Մարզի տարածքում  մեր գնորդները գյուղացիական տնտեսություններն են՝ Տեռաս Արմենիան,  մյուս խոշոր այգետերերը»:



«Էջմիածին կաթ» ՍՊԸ-ի արտադրանքի տեսականին այս տարի կավելանա ևս մեկով՝ ասում է ընկերության գլխավոր հաշվապահ Գաբրիել Հովհաննիսյանը.

«Արտադրության ծավալը փոքր է, բայց մենք շեշտը դրել ենք որակի վրա և ավելի բարձրորակ արտադրանք են մատուցում հաճախորդին: Կաթը մթերում ենք և՛ Արմավիրի ֆերմաներից, և՛ Էջմիածնի,  լիտրը՝ 230-240 դրամով»:

Արմավիրի մարզի պարտաճանաչ հարկատուները «Հարկ վճարողի օրվա» կապակցությամբ արժանացան Արմավիրի մարզպետի պատվոգրերին ու շնորհակալագրերին: Էդվարդ Հովհաննիսյանը հորդորեց տնտեսվարողներին ու քաղաքացիներին կատարել հարկային պարտավորությունը, նշելով՝ տնտեղվարողի հարկերն ամրապնդում են պետությունը, փոխում մարզի կյանքը:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն