ԵԱՀԿ-ն դատապարտել է լրագրողների դեմ ուղղված ոստիկանական բռնությունները Թուրքիայում
«Times» ամսագրի, «Guardian» թերթի և «Թուրքիայի լրագրողների միության» կողմից տարվա ֆոտոլրագրող ճանաչված հայտնի թուրք լուսանկարիչ Բյուլենթ Քըլըչի նկատմամբ ոստիկանների անհամաչափ ուժի կիրառման փաստը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մամուլում։
Քըլըչը հունիսի 26-ին Ստամբուլում կազմակերպված չթույլատրված «պատվո երթը» լուսանկարելիս ենթարկվել էր իրավապահների բռնությանը։ Չորս ոստիկան նրան գետնին էր պառկեցրել, նրանցից մեկն էլ՝ ոտքը դրել լրագրողի կոկորդին։ Միջադեպի լուսանկարն արագ տարածվել էր համացանցում։ Բացի Քըլըըչից, ոստիկանները խոչընդոտել էին նաև 4 լրագրողի աշխատանքը, նրանց բերման ենթարկել:
«Լրագրության ոլորտում կանանց կոալիցիան» (CFWIJ) հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ամբողջ Թուրքիայում ոստիկանության կողմից գործադրվող բռնությունների աճը:
Կազմակերպությունը թուրք ուժայիններից պահանջել է լրագրողների վրա հարձակվելու փոխարեն ապահովել նրանց աշխատանքն ազատ ու անվտանգ միջավայրում:
«Լրագրողների հիմնարար իրավունքն է տեղում լուսաբանել զանգվածային իրադարձությունները և դրանք հասցնել հասարակությանը: Չեն կարող խոչընդոտել լրագրողներին»,- նշվում է հայտարարությունում:
Թուրքիայում լրագրողների վրա հաճախակի հարձակումների հետ կապված մտահոգություն է հայտնել նաև ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցով ներկայացուցիչը և հորդորել իշխանություններին արագ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին: