Արտահերթ ընտրությունները ակնկալիքները եղել են մի քիչ այլ, իսկ ստացված արդյունքներն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Այս մասին այսօր ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ:

«Իշխող ուժի կողմից օգտագործվեց ընտրակեղծիքների ամբողջ գործիքակազմը, վարչական ռեսուրսների աննախադեպ կիրառումից մինչև զինվորների ուղղորդված քվեարկություն, շրջիկ խմբերից, մինչև ուրիշի փոխարեն ընտրությունների գնալը»,- նշեց նա:

Դաշինքի անդամը նաև ընդգծեց, որ իրենց թիմը նույնպես ունեցել է թերացումներ:

«Մեզանից շատերն ունեցել են թերացումներ, մեզանից շատերը գուցե ժամանակից շուտ կարծեցին, որ հաղթանակը արդեն մեր գրպանում է, ինչը չէր կարող չանդրադառնալ արդյունքի  և էֆեկտիվության վրա»,- ասաց Վահե Հակոբյանը:

Նա նաև նշեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ դաշինքը շրջել է գրեթե բոլոր մարզերով, բայց քարոզարշավի կարճ լինելու պատճառով չեն կարողացել շրջել բոլոր գյուղերով, որտեղ բնակիչները շարունակում էին մնալ տարատեսակ ստախոս յութուբյան ալիքների ազդեցության տակ:

«Մենք հանդիպեցինք հազարավոր բնակիչների, ովքեր իրենց վաղվա օրը կապել են «Հայաստան» դաշինքի հետ, բոլոր այցերի ժամանակ մենք տպավորվել ենք ստեղծված դրական մթնոլորտից»,- նշեց նա:

Վահե Հակոբյանը նաև նշեց, որ այս իշխանությունները ի վիճակի չեն լուծել Հայաստանի առաջ ծառացած խնդիրները:

«Որպես վառ օրինակ մենք տեսնում ենք, թե ինչ է այսօր կատարվում Արմավիրի մարզում, ընտրություններից մի քանի օր առաջ երկրի թիվ 1 պոպուլիստը, այդ մարզում բղավում էր, որ կա ապագա, պարզվեց, որ այդ ապագայում չկա ջուր»,- Վահե Հակոբյան:

Նա նաև ընգծեց, որ երկիրը շարունակում է գտնվել խորը ճգնաժամի մեջ, անտերության է մատնված անվտանգության հարցը:

«ՀՀ տարածքում արդեն ամիսներ շարունակ գտնվում են 100-ից ավելի ադրբեջանցի զինծառայողներ, աննախադեպ տեմպերով աճում է երկրի արտաքին պարտքը, գրեթե զրոյացել են ներդրումները, և տարվա սկզբից գրանցվել է ռեկորդային արտագաղթ»,- նշեց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն