Ս․թ․ ապրիլի 22-ից 24-ը Լոնդոնում, կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցին։



Մասնավորապես, ապրիլի 22-ին Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում անց է կացվել հիշատակի երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ապրիլի 23-ին կազմակերպվել է երթ Վեսթմինսթր մայր տաճարից մինչև Սուրբ Եղիշե եկեղեցի։




Ապրիլի 24-ին Սուրբ Եղիշե եկեղեցում անց է կացվել հոգեհանգստի արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո հիշատակի միջոցառում է կազմակերպվել Լոնդոնի Իլինգ թաղամասում գտնվող Հիշատակի ծառի մոտ (Memorial Tree):



Վերոնշյալ միջոցառումներին դեսպան Ներսեսյանը հանդես է եկել ուղերձներով, որոնցում նշել է, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր է ապագա հնարավոր ցեղասպանությունների կանխարգելման համար։ Հայաստանը երկար տարիներ եղել և շարունակում է մնալ միջազգային ասպարեզում ցեղասպանության դեմ պայքարի ազատամարտիկը՝ հեղինակելով մի շարք բանաձևեր։



Անցյալի ցեղասպանությունների ճանաչումը և ոգեկոչումը առանցքային նշանակություն ունի աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման համար։

Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին։

2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմը, որն ուղեկցվում էր հանցագործություններով և էթնիկ զտումներով, ի ցույց դրեց, որ նախկինում իրականացված հանցագործությունների անպատժելիությունն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։




Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն