Նախադպրոցական կրթության ոլորտում կարևոր ու հրատապ լուծում պահանջող հարցեր կկարգավորվեն
Նախագծով կկարողանանք կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում այս պահին կարևոր ու հրատապ լուծում պահանջող հարցեր: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ապրիլի 26-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվող ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գործադիրի կողմից ներկայացվել են հիմնականում խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք վերաբերում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի որոշ դրույթների համապատասխանեցմանը: Առաջարկվող փոփոխությամբ որոշակի ճկունություն կապահովվի համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգում:
Պատգամավոր Կնյազ Հասանովը հետաքրքրվել է, թե այն համայնքներում, որտեղ մեծամասամբ ապրում են ազգային փոքրամասնություններ, արդյո՞ք կիրառում են իրենց մայրենի լեզուն` համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի:
«Մենք չունենք նման իրավիճակ, որ ազգային փոքրամասնությունների լեզվով նախադպրոցական կրթություն իրականացվի, բայց օրենքն այդ հնարավորությունն ընձեռում է: Մենք պատրաստակամ ենք համայնքների հետ համագործակցելով իրականացնել այդ հնարավորությունները»,- պատասխանել է Ժաննա Անդրեասյանը:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: