Արայիկ Հարությունյանն այցելել է մարզահամերգային համալիր, ծանոթացել շինարարական, բարեկարգման աշխատանքների ընթացքին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության, եվրատեսիլյան մրցույթի անցկացման նպատակով համալիրի շենքում իրականացվող շինարարական, վերականգնողական և բարեկարգման աշխատանքների ընթացքին:
Հաջորդ տարի Հայաստանում ակնկալվում է ևս մեկ մարզական մեծ միջոցառում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:Պատասխանատուների ներկայացմամբ, այս տարի մարտի 13-ին մեկնարկած աշխատանքների արդյունքում արդեն իսկ վերանորոգվել են համերգային և սպորտային դահլիճներին կից հանդերձարաններն ու միջանցքները, ջրամեկուսացվել են պատշգամբները:
Համալիրի շենքի ճակատային մասերում, գլխավոր ճակատի տանիքին, աջ և ձախ թևի տանիքներին հարող հատվածներում և արտաքին երեսպատման աշխատանքներում իրականացվել են կոսմետիկ նորոգման աշխատանքներ: Առաջիկայում փոխարինվելու են հին վերելակները, վերանորոգման փուլում են գտնվում շոգեբաղնիքները, փոխվելու են բոլոր ցնցուղներն ու ծորակները:
Արայիկ Հարությունյանը կարևորել է աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացումն ու ընդգծել, որ մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք միջազգային միջոցառումները պետք է կազմակերպվեն ու անցկացվեն բարձր մակարդակով: