Մասկը 29 միլիարդ դոլար է կորցրել Twitter-ի գնման հայտարարությունից հետո
SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը նվազել է 29 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ նա Twitter-ի հետ պայմանավորվել է գնել սոցիալական ցանցը:
Նման կորուստների պատճառ է դարձել Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկումը։ Երեքշաբթի օրը կայացած սակարկությունների արդյունքում ընկերության արժեթղթերը նվազել են ավելի քան 12%-ով։ Սա ամենաուժեղ օրական անկումն է 2020 թվականի փետրվարից ի վեր։
Ապրիլի 4-ին Մասկը հայտարարել է, որ ունի Twitter-ի 9,2% բաժնետոմս, իսկ ապրիլի 14-ին նա ասել է, որ պատրաստ է գնել Twitter-ի բոլոր՝ 100% բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 54,2 դոլարով: Twitter-ը նույն օրը խոստացել էր դիտարկել Մասկի առաջարկը։ Մի քանի ժամ անց սաուդյան արքայազն Ալվալիդ բեն Թալալը, ով ունի ծառայության բաժնետոմսեր, մերժել է Մասկի առաջարկը՝ այն անվանելով ընկերության իրական արժեքին անհամապատասխան։
Ապրիլի 15-ին Twitter-ի տնօրենների խորհուրդը ընդունել է բաժնետերերի պաշտպանության պլանը (այսպես կոչված՝ «թունավոր հաբ»), որը պետք է կանխեր Մասկի կողմից ընկերության անցանկալի գրավումը։ Պլանը պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 14-ը։ Ավելի ուշ լրատվամիջոցները գրեցին, որ Մասկը ուղիներ է փնտրում Twitter-ի գնումը ֆինանսավորելու համար և նախատեսում է ներդնել սեփական 10-15 միլիարդ դոլարը։ Մասկը նշել է, որ պատրաստ է Twitter-ի համար վճարել 46,5 միլիարդ դոլար և ցանկանում է անհապաղ բանակցություններ սկսել վերջնական համաձայնության հասնելու համար։
Ապրիլի վերջին ընկերությունը հայտարարեց, որ Մասկը գնում է սոցցանցը 44 միլիարդ դոլարով։
Shantnews.am