Վաշինգտոնը դիտարկում է ՌԴ-ն ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում ներառելու հնարավորությունը. Բլինքեն
Վաշինգտոնը դիտարկում է Ռուսաստանն ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում ներառելու հնարավորությունը՝ հայտարարել է պետքարտուղարը։ «Կասկած չկա՝ ռուսներն ահաբեկում են ուկրաինացիներին։ Մոսկվան պետք է պատասխանատվության ենթարկվի»,- նշել է Էնթոնի Բլինքենը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նպատակն է աջակցել ուկրաինացիներին՝ երկրի տարածքից դուրս մղելու ռուսական ուժերին։ Պետքարտուղարը հայտնել է, որ Վաշինգտոնը սկսել է նոր զինատեսակներ տրամադրել Կիևին։ «Այլ հարց է՝ արդյոք ուկրաինացիները ցանկանում են այնպիսի գործողություններ իրականացնել, որոնց հետևանքով հակամարտությունը դուրս կգա Ուկրաինայի սահմաններից։ Դա նրանց որոշումն է»,- ընդգծել է Բլինքենը։
Նա անդրադարձել է նաև հակառուսական պատժամիջոցների արդյունավետության հարցին։ «Մենք կշարունակենք նոր պատժամիջոցներ սահմանել, քանի դեռ Ռուսաստանը կանգ չի առել: Քննարկվում է նավթի էմբարգո սահմանելու հարցը»,- հայտնել է պաշտոնյան՝ համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ Վաշինգտոնի ներկայիս դիրքորոշումը լիովին արդարացված է։ Բլինքենը հավելել է նաև, որ Կիևում ամերիկյան դեսպանատան վերաբացման գործընթացը հավանաբար մի քանի շաբաթ կտևի. Վաշինգտոնը մտադիր է ավելի վաղ տարհանված իր դիվանագետներին վերադարձնել նախ Լվով, ապա՝ մայրաքաղաք։
1lurer.am