Ապրիլի 28-29-ին Երևանում կայացել է «Հայաստանի գինիներ» կույր համտես մրցույթը, որը կազմակերպվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կոցղմից` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ GIZ) աջակցությամբ:

«Հայաստանի գինիներ» կույր համտես մրցույթին մասնակցել է 43 հայկական գինեգործական ընկերության 147 անուն գինի` ընտրված գինեգործարանների կողմից: Գինիները համտեսվել են մասնակից գինեգործական ընկերությունների` նախապես վերապատրաստված և հավաստագրված համտեսող գնահատողների կողմից: Մրցույթի բարձր որակն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով համտեսող-գնահատողների աշխատանքը համակարգեցին գինու զգայորոշման ոլորտում երկարամյա փորձ և բարձր որակավորում ունեցող գինու փորձագետները:

Մրցույթի նպատակներն էին` ներդնել և գործարկել հայկական գինիների որակի ստուգման համակարգը, սահմանել որակական նոր չափանիշներ հայկական գինիների համար, ճանաչելի դարձնել «Հայաստանի գինիներ» ապրանքանիշը` դարձնելով այն երկրի հարուստ գինեգործական ժառանգության և մշակույթի այցեքարտն ամբողջ աշխարհում:

Մրցույթն անց է կացվել Mundus Vini, OIV և այլ հեղինակավոր միջազգային մրցույթների ձևաչափով՝ 100 բալանոց համակարգով: Գինիներից միայն որակի չափանիշներին համապատասխանող և անցողիկ շեմը (85 և ավել միավոր) հաղթահարած գինիները կստանան «Հայաստանի գինիներ» (Wines of Armenia) որակի հավաստման տարբերանշանը: Բացի այդ, մրցույթում հաղթած գինիները կներկայացվեն Եվրոպայում գործող` www.winesofarmenia.store հայկական գինիների առցանց վաճառքի միասնական հարթակում` նախապես տեղափոխվելով Բեռլին` հայկական գինիների լոգիստիկ պահեստ:

«Իրականացնելով այս մրցույթն առաջին անգամ 2020 թվականին՝ մենք նախևառաջ ներդրեցինք հայկական գինիների որակի ստուգման մեխանիզմները և սահմանեցինք որակի նոր չափանիշներ հայկական արտադրության գինիների համար: Այդ չափանիշներին համապատասխան, հետևաբար հաղթած գինիները միջազգային ասպարեզում կարող են ներկայանալ «Հայաստանի գինիներ» հովանոցային ապրանքանիշի ներքո՝ այդպիսով դառնալով երկրի հարուստ գինեգործական ժառանգության և մշակույթի այցեքարտն ամբողջ աշխարհում»,-նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

«Մի կողմից հարթակը հնարավորություն կտա կույր համտես մրցույթի միջոցով ընտրված փոքր և միջին արտադրողներին ներկայացված լինել ԵՄ-ում, ինչը շատ անգամ բարդությունների հետ է կապված: Մյուս կողմից, հարթակը կօգնի Եվրոպայում բնակվող գինու սիրահարներին բացահայտել նոր համեր կամ իրենց սիրելի հայկական գինին առաքել ուղիղ տուն: Եվ, վերջապես, լոգիստիկ պահեստի շնորհիվ հայկական գինի արտադրողներն ավելի հեշտությամբ կարող են մասնակցել Եվրոպայում միջազգային առևտրային և ոչառևտրային ցուցահանդեսների»,-նշել է GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈւ Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը:

Մրցույթի ավարտից հետո բոլոր գինիները ևս մեկ անգամ կհամտեսվեն և կգնահատվեն` արդեն փորձագետների կողմից: Արդյունքներն ամփոփելուց հետո մասնագետները կկազմեն գինիների բույրերի և համերի բնութագիրը` տալով գինու արտադրողներին համապարփակ նկարագիր նրանց գինիների վերաբերյալ:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն