ԱՄՆ Սենատի մի խումբ սենատորներ նամակով դիմել են Սենատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը՝ մի շարք ականազերծման ծրագրեր ֆինասավորելու առաջարկով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ Սենատի ավելի քան 30 անդամներ, սենատորներ Քրիս վան Հոլլենի և Թոդ Յանգի առաջնոդությամբ նամակ են հղել ԱՄՆ Սենատի հատկացումների գծով հանձնաժողովի նախագահ Քրիսթոֆեր Կունսին և բարձրաստիճան անդամ Լինդսի Գրահամին՝ խնդրելով միջոցներ տրամադրել մի շարք ականազերծման ծրագրեր իրականացնելու համար: Աֆղանիստանի, Լաոսի, Շրի Լանկայի, Անգոլայի ու Զիմբաբվեի հետ մեկտեղ սենատորները խնդրում են 2 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի համար:

Նամակում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջերս բռնկված հակամարտությունը հանգեցրեց կլաստերային զինամթերքի, հրթիռների և այլ պայթուցիկ նյութերի կիրառմանը, որոնք առայսօր վտանգում են խաղաղ ազգաբնակչությանը՝ ներկայացնելով մարդասիրական լուրջ վտանգ: Բացի այդ, ըստ սենատորների, պայթուցիկ նյութերի հեռացումը կարևոր դեր ունի հակամարտության ընթացքում վնասված ենթակառուցվածքների վերականգման համար:

Սենատորներն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի ֆինանսավորումն ԱՄՆ-ի կողմից ավարտվել է 2020 թ-ի մարտին, և ներկայումս ֆինանսավորում նախատեսված չէ: Օրենսդիրները գտնում են, որ 2022 թվականի ֆինանսական տարում 2 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումը թույլ կտա զգալիորեն մեծացնել ականազերծմանն ուղղված ջանքերը և ապահովել, որ խաղաղ բնակիչներն առանց վախի վերադառնան իրենց տները:

Ականազերծման գործում ԱՄՆ-ի շարունակական առաջնորդությունը կնպաստի արդյունավետ և էֆեկտիվ ծրագրերի առաջխաղացմանը, որոնք փրկում են կյանքեր, խթանում տնտեսական զարգացումը, նպաստում կայունությանը և ընդլայնում ամերիկյան ազդեցությունը, եզրափակում են նամակը ամերիկացի սենատորները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն