ՀՀ արդարադատության նախարարի և Վրաստանի վարչապետի հանդիպմանը քննարկվել է «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության» նախաձեռնությունը
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ մայիսի 2-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլին ընդունել է Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին։
Վրաստանի վարչապետն իր ջերմ ողջույններն է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կարևորելով Նիկոլ Փաշինյանի հետ ամուր գործընկերային հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարների միջև սույն թվականի հունվարին ստորագրված համագործակցության հուշագրի կարևորությունը։
Վրաստանի վարչապետը կարևորել է երկու երկրների արդարադատության նախարարների պայմանավորվածությունը՝ ամրապնդել արդարադատության, մարդու իրավունքների և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում համագործակցությունը։
Նախարար Անդրեասյանը Վրաստանի վարչապետին ներկայացրել է հարկադիր կատարման ծառայության, արբիտրաժային կենտրոնի, արդարադատության տների և պրոբացիայի ոլորտներում երկու երկրների միջև ձեռքբերված համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունն, ինչպես նաև արդարադատության ոլորտին առնչվող այլ հարցեր։
Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Վրաստանի վարչապետի «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության» նախաձեռնությունը։
Այս համատեքստում հաստատվել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը։
1lurer.am