Թայվանի ռազմաօդային ուժերը տագնապի ազդանշանով պատրաստության են բերվել 18 չինական ինքնաթիռ որսալու համար այն բանից հետո, երբ դրանք զանգվածաբար մտել են Թայվանի  հակաօդային պաշտպանության գոտի։ Այս մասին հայտնում է Al Arabiya News-ը՝ հղում անելով Թայվանի պաշտպանության նախարարությանը։

ՊՆ-ն հայտնում է, որ օդային պարեկային ուժեր են բարձրացվել երկինք, իսկ հրթիռային համակարգերը բերվել են պատրաստության։

Ապրիլի կեսերին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը զորավարժություններ է սկսել Թայվանի մոտ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հավանություն է տվել Թայվանին ռազմական օգնության մեծ փաթեթին, իսկ ԱՄՆ կոնգրեսականները չհայտարարված այցով ժամանել են Թայվան։

Այդ կապակցությամբ ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունը բողոքել է. «Չինական բանակը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ վճռականորեն դադարեցնելու արտաքին միջամտությունը և «Թայվանի անկախությունը» կազմակերպելու փորձերը»:

Չինաստանը նաև մի շարք կոշտ հայտարարություններ է արել ԱՄՆ-ի դեմ՝ կապված Թայվանի և Ուկրաինայի հետ: Մասնավորապես, Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ զրույցում ասել է, որ Թայվանի հարցը կարող է ճակատագրական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների վրա։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն