Շոգ եղանակին մարդը կարող է հանկարծամահ լինել. մասնագետը՝ արևահարվելու վտանգների և արևի ճառագայթներից պաշտպանվելու մասին
Հայաստանում վերջին շրջանում նկատվում է բարձր ջերմային ֆոն: Ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի եւ նույնիսկ անցնում, իսկ դրա հետ մեկտեղ մասնագետները զգուշացնում են արևահարվելու վտանգի մասին:
Երեւանի Այրվածքաբանության ազգային կենտրոնը վերջին 3 օրերի ընթացքում, օրինակ, ընդունել է արևահարված և արևային այրվածքներ ունեցող 5 մարդու: Այս թիվը, ըստ կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանի, այս շրջանում համարվում է նորմալ, բայց նրա խոսքով՝ առաջիկա օրերի ընթացքում հնարավոր է, որ մարդկանց շրջանում արևահարվելու և արևային այրվածքներ ստանալու դեպքերի ավելացում լինի: Բաբայանի խոսքով՝ արևահարության դեպքերը պայմանավորված են նրանով, որ մարդիկ շոգ ժամերին դուրս են գալիս տնից և երկար մնում արևի ուղիղ ճառագայթների ներքո:
«Այս շրջանում, երբ ջերմաստիճանը բարձրանում է 40 և միգուցե ավելի, լինում է և՛ արևահարություն, և՛ արևային այրվածքներ: Դրանք հիմնականում լինում են ժամը 11-ից մինչև 6-ը, երբ մարդիկ դրսում են: Մեզ մոտ ուլտրամանուշակագույն ճառագայթները բավականին ակտիվ են, մարդիկ էլ հաճախ այդ ժամին սեւ են հագնում, կրում են մետաղական զարդեր, որոնք երկար են պահում արևի ջերմությունը: Լողավազան գնալիս էլ իրենք նախընտրում են այդ ժամերին արևայրուք ընդունել»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Ըստ մասնագետի՝ արևի ուղիղ ճառագայթների տակ մնալիս մարդը կարող է արևահարվել 15-20 րոպեի ընթացքում՝ կախված տարիքից: Ավելի շատ արևահարվելու վտանգը մեծ է երեխաների մոտ, որովհետև, ըստ նրա, նրանք ավելի զգայուն մաշկ ունեն: Արևահարվածության վտանգը մեծ է նաև Սևանա լճում, նույնիսկ՝ լճի հով տարածքներում, որտեղ մարդիկ այս շրջանում ակտիվ հաճախում են, դա պայմանավորված է նրանով, որ ուլտրմանուշակագույն ճառագայթները Սեւանում ավելի ակտիվ են:
«Մարդկանց մոտ գլխացավ է առաջանում, ճնշումն է բարձրանում կամ իջնում, հեղուկի պակաս էլ է լինում, թուլություն, սրտխառնոց, փսխումներ, մաշկը ջերմատվությունը նորմալ չի կատարում: Արևային այրվածքները հիմնականում լինում են առաջին աստիճանի, որը նույնպես բերում է նաև ջրազրկման, երբեմն լինում են երկրորդ աստիճանի այրվածքներ, նույն ախտանշաններով, ուղղակի այս դեպքում մարդը ունենում է նաև ցավեր: Եթե արևահարություն կա, արձակում ենք այն ամենը, ինչ այդ պահին սեղմում է մարդուն, հով տարածք ենք տեղափոխում, հեղուկներ ենք տալիս, գիտակցությունը եթե տեղն է լինում, անմիջապես հիվանդանոց ենք տեղափոխում»,- նշեց Բաբայանը:
Հիվանդանոցում բժիշկները պայքարում են հիվանդի օրգանիզմի ջրազրկման դեմ, ըստ արևահարության կամ արևային այրվածքի աստիճանի՝ կատարում են տարբեր հետազոտություններ, կարգավորում են ճնշումը և նշանակում սիմպտոմատիկ բուժում: Արևահարվելուց և արևային այրվածքների ժամանակ մարդը պետք է հետևի նաև իր սննդին, դրանք Կարինե Բաբայանի խոսքով՝ չպետք է լինեն կծու, թթու կամ գունավոր սնունդ և բանջարեղեն:
«Շոգ ժամերին, երբ մարդիկ Սևան են գնացել կամ լողավազան, իրենց թվում է՝ ջրի մեջ մտնելիս պաշտպանվում են արևահարվելուց ու արևային այրվածքներից, բայց սառը ջրի մեջ մտնելիս շոգ եղանակին հնարավոր է նույնիսկ արևային այրվածքներ ստանալ, որովհետև ջրի մեջ այդ ուլտրա ճառագայթները նույնպես ավելի ակտիվ են: Ցանկալի է լողալ մինչև 12-ը և 6-ից հետո»,- հավելեց նա:
Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենի խոսքով՝ արևահարվելու ընթացքում հնարավոր է՝ մարդը լինի հանկարծամահ: Այս վտանգը սպառնում է սիրտ-անոթային հիվանդություն ունեցող, ինչպես նաև անոթային հիվանդության դեմ բուժվող մարդկանց: Արևահարվելուց և արևային այրվածքներից պաշտպանվելու համար անձը պետք է օրվա ընթացքում 2-2,5 լիտր հեղուկ օգտագործի, բայց ոչ գազային ըմպելիքներ, շոգ ժամերին տնից դուրս գալիս հագնի բաց հագուստ: