Ապրիլի վերջին երկրորդ ժամկետով վերընտրված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին, Ելիսեյան պալատում։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմից, արարողությունը կսկսվի Փարիզի ժամանակով 11.00-ին (Երևանի ժամանակով 13.00-ին) և կտևի մոտ 1․5 ժամ։

Երդմնակալությունը տեղի կունենա Ֆրանսիայի ղեկավարի նստավայրի հանդիսությունների սրահում՝ 450 հյուրերի ներկայությամբ։ Նրանց թվում են հանրապետության նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին։

Երկրի ղեկավարի երդմնակալության պաշտոնական արարողությունը կսկսվի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսի կողմից ընտրությունների արդյունքների հրապարակմամբ։ Ըստ վերջնական հաշվարկների՝ ապրիլի 24-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը ստացել է 18,7 մլն ձայն (58,55%), նրա մրցակից Մարին Լը Պենը՝ 13,2 մլն ձայն (41,45%)։

Դրանից հետո Պատվո լեգեոնի շքանշանի մեծ կանցլեր, գեներալ Բենուա Պյուգան երկրորդ անգամ Մակրոնին կհանձնի այս օրդենի գրոսմայստերի շղթան՝ բարձրագույն պետական ​​իշխանության խորհրդանիշը՝ հետևյալ խոսքերով. «Մենք ձեզ ճանաչում ենք որպես Պատվո լեգեոնի շքանշանի մեծ վարպետ»։ Այնուհետև պետության վերընտրված ղեկավարը ելույթ կունենա հյուրերի առջև։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն